Հույս ունեմ, որ Ուկրաինայի ՆԳ նախարարի որդու՝ Ալեքսանդր Ավակովի եւ ՆԳՆ ուսապայուսակների գնման գործով եւս 2 ֆիգուրանտի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստը տեղի կունենա արդեն այսօր: Այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության ղեկավար Նազար Խոլոդնիցկին, փոխանցում է «112 Украина»-ն:
Դատախազությունը կմիջնորդի երեքին էլ կալանավորել՝ գրավ մուծելու իրավունքով. 5-ական մլն գրիվնա Ավակով կրտսերի եւ ՆԳ նախկին փոխնախարար Չեբոտարի, 4 մլն՝ երրորդ ֆիգուրանտի համար:
«Քննիչների միջնորդությունը համաձայնեցվում է դատախազների հետ: Հիմա մենք համաձայնեցրել ենք, այս միջնորդության հետ պաշտպանական կողմին ծանոթացնելու փուլում ենք: Հենց նրանք ծանոթանան, այն դատարան կներկայացվի: Մենք հույս ունենք, որ այդ դատական նիստը տեղի կունենա այսօր»,- պարզաբանել է Խոլոդնիցկին:
Նախօրեին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն ՆԳՆ թանկարժեք պայուսակների գնման գործով 3 ֆիգուրանտի էր ձերբակալել: Նրանք էին՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրը, ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարը եւ մրցույթը հաղթած ընկերության ներկայացուցիչը: Ֆիգուրանտների տներում երեկ խուզարկություններ են կատարվել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին քրեական վարույթ է սկսվել Ազգային գվարդիայի համար ուսապայուսակների գնման գործով: Լրագրող Ռոման Բոչկալան հայտնել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ուսապայուսակները գնել է հատը 3 հազար գրիվնայով՝ ընդհանուր 14,5 մլն գրիվնա գումարի:
Ավելի ուշ YouTube-ում հրապարակվել է իբր նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի եւ մի մարդու զրույցի տեսանյութը, որը նման է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն: Տեսանյութում 2 տղամարդիկ զրուցում են ՆԳՆ ստորաբաժանումների համար ուսապայուսակների մատակարարումների մասին, ըստ որում՝ իբր Չեբոտարի աշխատասենյակում եւս մեկ մարդ կա:
ՆԳՆ-ում հայտարարել են, որ ուսապայուսակների գնման ժամանակ ապօրինի գործարքների մասին տեղեկությունները հավաստի չեն եւ գերատեսչությունն անվանարկելու նպատակ են հետապնդում:




























