Հայաստանի իշխանությունների նախաձեռնած աջակողմյան ղեկով ավտոմեքենաների դեմ պայքարը փոքր եւ միջին ձեռնարկատերերի հանդեպ իրականացվող ցեղասպանության միայն տեսանելի մասն է: Այս մասին դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի լայն է եւ ուղղված է ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող միջին ձեռնարկատիրոջ «ոչնչացմանը»: Փաստորեն, այսպես կոչված, խոշոր ձեռնարկատերերը, սրահների սեփականատերերը դուրս են մղում մրցակիցներին շուկայից: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ հունվարից, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, նորամուծություններ են սպասվում՝ կապված արտասահմանյան ավտոմեքենաների ներկրման հետ:
«Խնդիրը վերաբերում է ոչ միայն աջակողմյան ղեկով մեքենաներին: Հաշվեք, թե քանի սրահ կա եւ ինչպիսի շրջանառությամբ: Խնդիրը նրանց չհաջողված բիզնեսի մեջ է, քանի որ վաճառքի ծավալները շատ փոքր են»,- նշել է Տիգրան Հովհաննիսյանը: Սա կազդի նաեւ մասնավոր անձանց վրա, քանի որ եթե մեքենան վաճառվի ավելի վաղ, քան կանցնի 3 ամիսը ներկրման պահից, քաղաքացին ստիպված կլինի զգալի գումարներ ծախսել:
«Փաստացիորեն ավտոմոբիլային շուկայի մենաշնորհ է ձեւավորվում: Վարչապետը՝ որպես բիզնես ցեղասպանության իրագործող, կարող է համապատասխան կոչում կրել»,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ միջին եւ փոքր ձեռնարկատերերի ոչնչացման քաղաքականությունը սկսել է դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեքենաները հանգիստ թողե՛ք: Միեւնույն է, բնակիչները սրահներից 20 հազար դոլարանոց մեքենաներ չեն գնելու»,-ասել է Հովհաննիսյանը:
Պատասխանելով աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարների վերաբերյալ հարցին՝ Տիգրան Հովհաննիսյանը նշել է, ոչ Ճանապարհային ոստիկանության ներկայացրած տվյալները (3500 ավտովթարից միայն 309-նն է աջակողմյան ղեկով մեքենաների մասնկացությամբ) որեւէ կերպ չեն կարող հաստատել հայտարարությունները այն մասին, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում:
«Իրականում, աջակողմյան ղեկով ավտոմեքենաները հիմնականում կանայք են վարում, իսկ նրանք ավելի զգույշ են»,-հիշեցրել է Հովհաննիսյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ավտոմեքենաների վերագրանցման համար նախատեսված արգելքը սեփականության իրավունքի խախտում է.«Օրինակ, փորձանք է պատահել եւ մարդուն գումար է պետք, իսկ նա չի կարող վաճառել իր մեքենան»:
ՀԿ-ի ղեկավարի կարծիքով՝ միջին եւ փոքր ձեռնարկատերերին շուկայից դուրս մղելու եւ գոյություն չունեցող խնդրի շուրջ արհեստական իրարանցում ստեղծելու փոխարեն իշխանություններին հարկավոր է շտապ զբաղվել իրական խնդիրների լուծմամբ՝ ճանապարհների վերանորոգմամբ, ճանապարհային երթեւեկության կատարելագործմամբ: Եւ ամենակարեւորը, ըստ Հովհաննիսյանի, հարկավոր է արմատախիլ անել կաշառակերությունը վարորդական իրավունքների տրամադրման գործընթացում:




























