Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ԳԱ-ն ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը» խորագրով բանաձեւը վերահաստատում է եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին:

Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:

Նյու Յորքում օրերս ընդունվել է մեկ այլ բանաձեւ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության միջեւ համագործակցությանը, որում ԳԱ-ն խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունն`ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:

Վերը նշված բանաձեւերի ընդունմանը ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում նախորդել էին քննարկումներ, որոնց, ի թիվս ՄԱԿ-ի շահագրգիռ այլ անդամ-երկրների, մասնակցել է նաեւ Հայաստանը: