Կուբայի Ռեմեդիոս քաղաքում փառատոնի ժամանակ հրավառության պարագաների պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 39-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կուբայի հեռուստատեսությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 22 տուժածի մասին, որոնց տեղափոխել են Սանտա Կլարայի հիվանդանոց: Նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական այգուց ոչ հեռու: Հրավառությամբ պարկերի մեջ կայծ է ընկել, որի հետեւանքով արկերը բռնկվել են եւ սկսել պայթել: Մոտակայքում գտնվող մարդիկ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

Տուժածների թվում 11-15 տարեկան 6 երեխա ու դեռահաս կա: Միջադեպի հետաքննությունն իրականացնում են Կուբայի ՆԳՆ աշխատակիցները: Նախնական տեղեկություններով՝ բոլոր տուժածները տեղացիներ են:

Ռեմեդիոսում դեկտեմբերյան հրավառությունը, այսպես կոչված՝ պարանդան, կուբայական հնագույն եւ ամենազանգվածային տոներից է, որը դիտելու են գալիս ամբողջ երկրից հազարավոր մարդիկ:

2013 թվականին պարանդան հռչակվել է Կուբայի մշակութային ժառանգություն: