«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը առաջարկությունների փաթեթ են ներկայացրել՝ գերատեսչության՝ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման եւ վերագրանցման արգելման գաղափարի վերաբերյալ:
Սա ակտիվիստների եւ գերատեսչությոան ներկայացուցիչների արդեն երկրորդ հանդիպումն է: Անցյալ ուրբաթ ակտիվիստների խմբին ընդունել էր նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը նշել է, որ ակտիվիստների՝ տրանսպորտի եւ կապի վարչության պետ Կարեն Գասպարյանի եւ գերատեսչության այլ ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում առաջարկների փաթեթը փոխանցվել է, նախարարությունում խոստացել են պատասխանել մի քանի օրվա ընթացքում
«Նրանք պնդում են, որ ապրիլի սկզբից ներմուծումը արգելվելու է, եւ մնացած հարցերը կքննարկվեն միայն դրանից հետո: Մենք ասում ենք, որ պետք է վերացնել վերագրանցման արգելքը, եւ մնացած հարցերը կարելի քննարկել դրանից հետո: Կարծում եմ՝ նրանք համակերպվել են այն մտքի հետ, որ վերագրանցումը հնարավոր չէ արգելել: Հակառակ դեպքում հրաժարվել այդ մտքից նրանց կստիպեն ավտոերթերի մեծ թվով մասնակիցները, այսինքն՝ ուժով կստիպեն չեղարկել որոշումը», - ասել է Գեւորգ Աճեմյանը` հավելելով, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման հարցում նախարարությունում վճռական են տրամադրված:
Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ նման կտրուկ որոշումը ուժեղ հարված կհասցնի ձեռնարկատերերին եւ հետեւաբար՝ երկրի բյուջեին: «Մարդիկ վարկեր են վերցրել, հարկեր են վճարում: Եթե բիզնեսը փակվի, հարկերը կդադարեն վճարվել: Մարդկանց անելանելի վիճակի մեջ են դնում, եւ չի բացառվում, որ կստիպեն նրանց ուժով պաշտպանել իրենց շահերը: Եթե ապրիլից ներմուծումը արգելվի, մարդիկ պարզապես փողոց դուրս կգան», - նշել է Աճեմյանը:
Ակտիվիստների կարծիքով՝ երկրում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների թվի աճը կապված է մաքսային քաղաքականության հետ: Պատկառելի տարիքի եվրոպական եւ ամերիկյան ավտոմքենաների փոխարեն երկիր սկսեցին ներմուծել աջակողմյան ղեկով ճապոնական ավտոմեքենաներ՝ ավելի էժան գներով:
Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների արգելքը ավտոմատ կերպով կհանգեցնի նրան, որ դրանց տեղը կզբաղեցնեն 90-ականներին արտադրված ձախակողմյան ղեկով մեքենաները: Նույն Վրաստանում ավտոմեքենաները շատ ավելի էժան են, քան Հայաստանում: Հին մեքենաների խնդիրները ավելի շատ կլինեն, քան աջակողմյան ղեկովներինը:



























