2010թ. կարեւորագույն իրադարձությունների մեջ հարկավոր է ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նախաձեռնելով` Հայաստանը ցույց տվեց, որ կոմպլեքսավորված երկիր չէ եւ պատրաստ է քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել Ցեղասպանություն գործած երկրի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է եվրաինտեգրացման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մնում է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական օրակարգում:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում նախաձեռնելով` Հայաստանը միջազգային հանրության աչքում հուսալի գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերեց, ինչի վկայությունը գերտերությունների արձագանքն է, թե հայ-թուրքական գործըթնացը փակուղի է մտել բացառապես Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով»,- ասել է Զոհրաբյանը:

Ղարաբաղյան կարգավորման մեջ պատգամավորը կարեւոր է համարել Հաագայի տրիբունալի որոշումը, ըստ որի Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: «Դա մեծ հաղթաթուղթ է հայկական կողմի ձեռքին Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում, քանի որ միջազգային իրավունքի նորմերը չեն կարող ընտրողաբար կիրառվել»,- նկատել է պատգամավորը: Նա նաեւ դրական է համարել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, որի արդյունքներն արդեն նկատելի են միջազգային կազմակերպությունների կողմից տեսանելի դրական խթանների տեսքով:

«2010 թվականը ներքին քաղաքականության մեջ հաջող էր կայունության ապահովման իմաստով: Սակայն որպես խորհուրդ 2011թ. համար, որն, ըստ էության, նախընտրական տարի է, ես կմաղթեի քաղաքական հանդուրժողականության ամրագրում: Եթե մենք չկարողանանք հասնել դրան, լուրջ խնդիրների կբախվենք: Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգերում չկա որեւէ հարց, որ հնարավոր չլինի լուծել փոխզիջման միջոցով»,- ամփոփել է Զոհրաբյանը:

Նա նշել է նաեւ, որ Հայաստանում դեռ չլուծված մեծ խնդիրներ կան: «Խնդիրներ կան կոռուպցիայի եւ կաշառակերության հետ, որտեղ չենք կարող ասել, որ փայլուն արդյունքներ ենք գրանցել»,- ասել է Զոհրաբյանը: