Ո՞ւմ է պատմում իր ամենանվիրական գաղտնիքները Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը:

Թվում է, որ նոր տարվա նախաշեմին տրամաբանական կլիներ, եթե նա վստահեր իր ցանկությունները Ջմեռ Պապին: Սակայն, ինչպես պարզվեց, այդ մարդն ամենեւին էլ Սանտա Կլաուսը չէ, նրան հայերեն պարզապես անվանում են… Զոհրաբ:

Սակայն ամեն ինչ հերթով: Իմանալու համար, թե ի՞նչ է ուզում ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը Ձմեռ Պապից, խնդրեցինք նրան հարցազրույց տալ:

Ընդունարանում նստած սպասում էինք, երբ քարտուղարուհին եւ միջին տարիքի մի տղամարդ ակնապիշ նայելով մեզ հարցրեց, թե ի՞նչ է մեզ հարկավոր «շեֆից»: Նկատեք, այդ հարցը տրվեց այն բանից հետո, երբ մենք ներկայացանք, թե ովքեր ենք եւ որտեղից: Ի՞նչ պետք է անհրաժեշտ լինի լրագրողին ԱԺ փոխխոսնակից` պարզ հարցերին պարզ պատասխաններ: Սակայն իմանալով, որ Բալասանյանից մենք սպասում ենք հենց դա, քարտուղարուհին ասաց. «Նա զբաղված է»:

Այդ ժամանակ մենք որոշեցինք Բալասանյանի հետ կապ հաստատել հեռախոսով: Նա հավանաբար արդեն տեղյակ էր «իրադարձությունների» ընթացքին, քարտուղարուհին օպերատիվ էր գործել, քանի որ լսելով, որ նրան անհանգստացնում են NEWS.am-ից, Բալասանյանն իսկույն  արտասանեց հանելուկային նախադասություն

«Շուտով ձեզ կդիմավորի Զոհրաբը»: «Ո՞վ է այդ Զոհրաբը»,- փոքր-ինչ զարմացած հետաքրքվեցինք մենք:

«Մամուլի հետ պատասխանատուն»,-եղավ պատասխանը:

Պարզվում է, որ Բալասանյանը, ով ի պաշտոնե պետք է տիրապետի հռետորական արվեստին, լրագրողների հետ շփվելիս օգտվում է մեկ այլ մարդու՝ տվյալ դեպքում Զոհրաբի ծառայություններից:

«Պարոն Բալասանյան, բայց մենք պարզապես ուզում էինք ստանալ պատասխան մի պարզ հարցի` ի՞նչ կուզեիք դուք Ձմեռ Պապից: Մի՞թե Զոհրաբը իրավասու է պատասխանել այդ հարցին ձեր փոխարեն, թե՞ նա է ձեր փոխարեն Ձմեռ Պապիկից նվերներ ուզում, իսկ գուցե Զոհրաբն այն մարդն է, ում պատմում եք ձեր ամենանվիրական ցանկությունների մասի՞ն»,-փորձեցինք պարզել մենք: Բայց հնարավոր է Ձմեռ Պապիկի մասին մեր հարցը շատ ուրախացրեց Բալասանյանին եւ նա ընդհատեց մեզ բարձր ծիծաղով, որը մենք ստիպված էինք լսել մի քանի րոպե շարունակ՝ հեռախոսով:

Վերջապես նա պատասախնեց. «Հասկանալի է»:

«Ի՞նչն է հասկանալի»,-փորձեցինք հասկանալ մենք, սակայն որպես պատասխան լսեցինք արդեն անջատված հեռախոսի ազդանշանները:

Ստացվում է, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն իրեն իրավասու չի համարում պատասխանել նույնիսկ Ձմեռ Պապիկին վերաբերող պարզ հարցին, որին կպատասխանի նույնիսկ երկու տարեկան երեխան: Եւ նույնիսկ նման պարզ հարցերին պատասխանելու համար Բալասանյանը Զոհրաբի կարիքն ունի: