ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, բազմազավակ մայր Զարուհի Փոստանջյանն Ամանորը դիմավորելու է Երեւանից դուրս՝ Ջերմուկում: Նա առողջարանային այդ քաղաք է մեկնելու ընտանյոք հանդերձ՝ ամուսնու եւ չորս դուստրերի հետ: Պատգամավորը վագրի տարվա իր գլխավոր ձեռքբերումը համարում է իր չորրորդ դստեր ծնունդը: 2010 թվականից պատգամավորը գոհ է ընդհանուր առմամբ, քանի որ իր լիազորությունների սահմաններում կարողացել է ակտիվ պայքար տանել ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ: Նա միաժամանակ դժգոհ է 2010 թվականից, քանի որ, չնայած ամենօրյա պայքարին, ժողովրդավարությունը մեր երկրում առաջընթաց չի արձանագրում:
Պատգամավորը մաղթանքներ ունի իր կոլեգաներին՝ «հաշտ ու խաղաղ ապրեք ձեր խղճի հետ»: «Շատ հաճախ մեր քաղաքական գործընկերներն իրենց խղճի համաձայն չեն որոշումներ կայացնում, չնայած՝ խիղճ ունեն»,-նկատեց Փոստանջյանը:
Նա ակնկալիքներ ունի Ձմեռ պապից. ուզում է, որ հրաշագործ պապը 2011 թվականին «մեզ բոլորիս հավատ բերի՝ չհանձնվելու համար, եւ մեծ եռանդ՝ պայքարը շարունակելու եւ մեր երազած երկիրը կառուցելու համար»:
Իսկ ի՞նչ կմաղթեք իշխանությանը՝ հարցին պատգամավորը պատասխանեց, թե «մեր երկրում իշխանությունը զավթված է մի խումբ մարդկանց կողմից», հետեւապես՝ նրանց ուղղված մաղթանքներ չունի:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, Փոստանջյանը մաղթեց ճիշտ ինքնակազամակերպվել, գործել՝ հաշվի առնելով իր կարողությունները: «Եթե ընդդիմությունը կազմակերպվի, ապա երկրում առկա շատ հարցերի, թեկուզեւ դժվար լուծելի թվացող, շատ արագ լուծում կտրվի»,-հույս հայտնեց պատգամավորը:





























