Չինաստանին ու Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է համատեղ ջանքներով ստեղծել երկկողմ հարաբերությունների «ոսկեդարի» կատարելագործված տարբերակը՝ համատեղելով զարգացումն ու համագործակցության անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է «Սինհուա»-ն։
Նրա խոսքով՝ երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցությունն անհրաժեշտ է նոր մակարդակի բարձրացնել՝ ամրապնդելով երկու երկրների զարգացման ռազմավարությունների միջեւ կապը, խորացնելով համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ֆինանսները, ատոմային էներգիան, ներդրումները եւ այլն։ Կողմերը պետք է ուսումնասիրեն նաեւ համագործակցության հնարավորությունները նոր ոլորտներում, ինչպիսիք են՝ արհեստական ինտելեկտը, էներգիայի կանաչ աղբյուրները, թվային տնտեսությունը եւ այլն:
Ցզինպինը նաեւ հայտարարել է, որ Չինաստանը սատարում է տնտեսական գլոբալացիան եւ առեւտրի ազատականացումը։Չինաստանը եւ Բրիտանիան կարող են ծավալել փոխշահավետ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում՝ ընդլայնելով համագործակցության մասշտաբները՝ հասցնելով ավելի բարձր մակարդակի։
Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի, Մեծ քսանյակի, ԱՀԿ-ի շրջանակներում` համատեղ ջանքերով նպաստելով գլոբալ ռիսկերի չեզոքացմանը, ինչպիսին է, օրինակ՝ կլիմայի փոփոխությունը:
Բրիտանիայի վարչապետն, իր հերթին, նշել է, որ համաձայն է երկկողմ հարաբերությունների Սի Ցզինպինի գնահատականի հետ եւ հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում կամրապնդվեն՝ նպաստելով տնտեսական աճին համաշխարհային եւ տարածաշրջանային մակարդակներում։




























