Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Դիմավորելու ենք հերթական տարին` նոր ակնկալիքներով եւ, անշուշտ, նոր հույսերով:

2010 թվականը մեր երկրի զարգացման ճանապարհի եւս մի փուլ էր, արտաքին ու ներքին ազդակների ուղեկցությամբ, մեր երիտասարդ պետականության եւս մի փորձաշրջան: Անցնող տարին մեր երկրի կյանքում ամենադյուրինը չէր, բայց մենք փորձեցինք անել առավելագույնը, դժվարությունները հաղթահարելու համար:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն, իր զգալի ներդրումն ունեցավ պետականաշինության ամրապնդման, եւ երկրի առաջընթացին նպաստելու գործընթացում, նախաձեռնելով եւ ընդունելով բարեփոխումների ոգուց բխող օրենքներ: Իր աշխատանքով խորհրդարանը ցույց տվեց, որ որպես բարձրագույն օրենսդիր իշխանություն, մշտապես հաղորդակից է երկրի ու հասարակության խնդիրներին, եւ դրանց լուծման եռանդուն մասնակից: Համոզված եմ, որ հաջորդ տարի եւս Ազգային ժողովն իր տեսադաշտում է պահելու, հասարակությանը հուզող խնդիրները` իրեն դրսեւորելով որպես ազդեցիկ քաղաքական մարմին, եւ մնալով որպես բազմակարծության ժողովրդավարական ամբիոն:

Որպես Ազգային ժողովի նախագահ, ես բազմիցս հայտարարել եմ, որ խորհրդարանը պետք է լինի բաց եւ հրապարակային ամբիոն` առողջ առաջարկների եւ նաեւ առողջ քննադատության համար: Ուզում եմ շեշտել, որ լինելու եմ հետեւողական, Հայաստանի օրենսդիր բարձրագույն իշխանության դերի բարձրացման հարցում եւ անելու եմ հնարավորը:

2010 թվականը, բավական հագեցած էր նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման առումով: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կառույցներում ակտիվ մասնակցություն ունեցան, երկրի արտաքին քաղաքական հարցերին վերաբերող գործընթացներին, քայլեր ձեռնարկվեցին սերտացնելու կապերը տարբեր երկրների խորհրդարանների եւ խորհրդարանական կառույցների հետ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացման: Մենք չափազանց կարեւորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը` որպես միջպետական հարաբերությունների հզոր գործոն, որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւոր ձեւաչափ:

Յուրաքանչյուր անցնող տարի, նախորդի շարունակությունն է, որովհետեւ զարգացումը ենթադրում է թեկուզեւ փոքր, բայց առաջընթաց քայլեր` այն գիտակցությամբ, որ ամուր հիմքերի վրա դրված պետություն, բարեկեցիկ հասարակություն ունենալու համար, պետք է ոչ միայն դիմակայել դժվարություններին ու գոյատեւել, այլ` հաղթահարել դրանք ու զարգանալ: Եվ այս ամենի հստակ նպատակադրմամբ, պետք է կարողանանք հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտում համատեղ քայլերով շարժվել դեպի բարեփոխումների իրականացում, դեպի ակնկալիքների կենսագործում, կառուցել բարեկեցիկ Հայաստան:

Համոզված եմ, որ մեր երկիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ավելի վստահորեն է ընթանալու դեպի զարգացում` ավելի արժանապատիվ կենսակերպ ունեցող հասարակությամբ, ավելի մրցունակ տնտեսությամբ, ավելի հզոր ու ժողովրդավարական պետություն ունենալու վստահ նպատակով:

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ բոլորիդ երջանկություն, քաջառողջություն եւ արեւշատություն, իսկ մեր սիրելի հայրենիքին` խաղաղություն, բարեկեցություն եւ առաջընթաց:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: