Գեւորգ Կոստանյանի մոտ գլխավորը սկզբունքայնությունն ու պրոֆեսիոնալիզմն է. նա ունի սկզբունքայնություն եւ ունի սահմաններ, որոնք երբեք չի անցնի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեւորգ կոստանյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ Գեւորգ Կոստանյանն ամեն ինչից բացի իր ընկերն է եւ ինքը այս դեպքում՝ շահերի բախում ունի:
Նրա խոսքով, Կոստանյանի մոտ սկզբունքայնությունը երբեմն ծայրահեղ դրսեւորումներ է ունենում. «Կարող էր այդ սկզբունքայնությունը դիտարկվել որպես պնդաճակատություն, եթե չլիներ պրոֆեսիոնալիզմը»:
Թովմասյանի խոսքով, Գեւորգ Կոստանյանը որքան էլ եղավ պրակտիկ աշխատող, չդադարեց լինել մարքրամաքուր իրավաբան. «Նրա մոտ 90/10 է հարաբերակցությունը, իրավաբանությունը գերակշռում է: Ես հույս ունեմ, որ այդ 10-ը կաճի, որովհետեւ դա նույնպես կարեւոր է»:
Նա նշեց նաեւ, որ Գեւորգ Կոստանյանը շատ լավ բանակցող է, իսկ այդ հմտությունները հանձնաժողովի նախագահի համար կարեւոր է: «Դրանով հանդերձ, նա շատ նուրբ հոգի ունի: Իր մարդկային էությամբ, նա շատ նուրբ է, նրբանկատ է, լինի ընտանիքում, թե մարդկային հարաբերություններում»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:
Այդ ընթացքում, Գեւորգ Կոստանյանը տեղում նստած ժպտում էր:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, քանի որ առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու:











