2011թ. հունվարի 1-ին Եգիպտոսոի Ալեքսանդրիա քաղաքի Սրբերի եկեղեցու հարեւանությամբ ավտոմեքենա պայթեցվեց հենց այն պահին, երբ ղպտիների ամանորյա պատարագն ավարտվել էր եւ հավատացյալները սկսել էին դուրս գալ փողոց: Զոհվեց 21 մարդ։
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, տասնյակ պետությունների ղեկավարներ դատապարտեցին ահաբեկչությունը։
Իրավապահները չեն բացառում, որ ահաբեկչության կազմակերպիչները մոլեռանդ արմատական մահմեդական սալաֆներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, առնչություն ունեն «Ալ-Ղաիդա»-ի հետ։



Արդյո՞ք վտանգ չի սպառնում այդ արաբական երկրում բնակվող հայերին, - «Ազատություն» ռադիոկայանի այդ հարցին Կահիրեում հրատարակվող «Ջահակիր» պարբերականի տնօրեն Մարտիրոս Բալայանը պատասխանել է. - «Հայերը բացարձակ ապահով վիճակում են, եգիպտահայերին վտանգ չի սպառնում, Ալեքսանդրիայի ահաբեկչությունից հետո Եգիպտոսի իշխանությունները անվտանգության ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկել: Հայերին այս երկրում հյուր են դիտում, մինչդեռ ղպտիների նկատմամբ վերաբերմունքն ուրիշ է, որովհետեւ նրանք քաղաքի տերերն են եւ նրանց ու եգիպտացիների ճանապարհները հաճախ են հատվում, սակայն հայերն այս երկրում շատ ապահով եւ բարեկարգ են»:
Եգիպտոսի 80 միլիոն բնակիչների 10 տոկոսը քրիստոնեություն դավանող ղպտիներ են, նրանց եւ մոլի մահմեդականների միջեւ հաճախ են տեղի ունենում միջադեպեր։
Մարտիրոս Բալայանի խոսքով` ընդհանուր առմամբ մահմեդականները հայերի հանդեպ բարյացկամ են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: