Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական ճառի հրապարակման ժամանակ դատարանը պարբերաբար 5 րոպեանոց ընդմիջումներ էր հայտարարում: Երբ ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես էր գալիս պաշտպանական ճառով, պաշտպանական կողմը դատարանից երկար ընդմիջում խնդրեց, սակայն, նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշ ժամանակ անց միայն մի քանի անգամ հինգ րոպեանոց ընդմիջումներ հայտարարեց եւ նիստը վերսկսեց 10-15 րոպե անց: Այնուհետեւ Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ երկար ընդմիջման անհրաժեշտություն կա, քանի որ արդեն 4 ժամից ավելի հրապարակվում է պաշտպանական ճառը եւ հանգստանալու եւ սնվելու հնարավորություն չի տրվում իրենց: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում: Ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ դատարանը պետք է ավելի շուտ բավարարեր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ երկար ընդմիջման հնարավարություն տար` չոտնահարելով դատական նիստի մասնակիցների իրավունքները:
«Ձեր պահվածքն անընդունելի է եւ Ձեզ թող չթվա, որ մարդկանց հետ կարելի է այսպես վարվել: Էստեղ մենք չորս ժամ նստելուց հետո չենք կարող չունենալ հնարավորություն տարրական անհրաժեշտությունները հոգալու համար: Դուք Ձեզ նման պահվածք թույլ տալ չեք կարող, Դուք պարտավոր եք մեզ ընդմիջում տրամադրել, ես պահանջում եմ 40 րոպեանոց ընդմիջում»,-ասաց նա:
Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պաշտպանին նախազգուշացրեց դատական սանկցիայի մասին եւ կոչ արեց հարգալից լինել դատարանի նկատմամբ. «Դուք պարբերաբար փորձում եք անհարգալից լինել դատարանի նկատմամբ` ինչ-որ տպավորություն թողնելու ներկաների վրա»:
Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:











