NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են Հայաստանի քաղաքական այրերը դիմավորել եւ անցկացրել Ամանորը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, օրինակ, Նոր տարին դիմավորել է իր խոսքով՝ «սովորականի պես, հանգիստ պայմաններում, ընտանիքի հետ»: Նա քաղաքական բարձրաստիճան այրերին, այդ թվում եւ երկրի նախագահին հյուր չի գնացել, ինչպես ընդունված է մեզանում, եւ ահա թե ինչու. «Մեզանում ընդունված չէ նման պրակտիկան: Մենք մինչեւ Նոր տարվա օրերը հանդիպում ենք քաղաքական գործիչներով՝ ղեկավարության հետ միասին, մեկս մյուսին շնորհավորում ենք ու անհրաժեշտություն չի լինում հյուր գնալու: Իսկ Հանրապետության նախագահին հյուր չեմ գնացել, քանի որ տարեմուտին քաղաքական թիմով համատեղ շնորհավորել ենք եւ դա բավարար ենք համարել»:
Պարզվում է՝ ՀՀԿ ներկայացուցչին խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմախոսները նույնպես չեն հյուրընկալվել, այլ բավարարվել են միայն Ազգային ժողովում միմյանց շնորհավորելով եւ բացիկներ ուղարկելով:
Հարցին, թե Հայ ազգային կոնգրեսի կողմից շնորհավորանքներ ու բացիկներ ստացե՞լ եք, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ոչ, քանի որ մի քիչ վերացական է հնչում Հայ ազգային կոնգրես ասվածը»:
Ամենակարեւորի մասին՝ Գալուստ Սահակյանը այս Նոր տարի խումհարի՝ («պախմելիայի») մեջ չի ընկել, թեեւ ալկոհոլային խմիչքների օգտագործումից չի հրաժարվել: «Չէ, ինձ այդ խնդիրը չի սպառնում»,-հարցը լսելուց հետո մի քիչ մտածելուց եւ անցած օրերը իմի բերելուց հետո պատասխանեց Սահակյանը: Նա, սակայն առանց մտածելու ասաց, որ այս տարին բոլոր առումներով լավ տարի է լինելու Հայաստանի համար: «2011 թվականը նաեւ նախընտրական տարի է, եւ աշնանն արդեն նախընտրական շունչը նկատելի կլինի»,-հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:





























