Քիմ Քարդաշյանին եւ Սնուփ Դոգին (Snoop Dogg) կասկածում են Twitter-ում թաքնված գովազդով գումարներ աշխատելու մեջ։ Բրիտանական Wired ամսագրի փոխանցմամբ «Ազնիվ առեւտրի գործակալություն»-ը (Office of Fair Trading (OFT) հետաքննություն է սկսել բլոգերում եւ սոցիալական կայքերում թաքնված գովազդները եւ դրանց տեղադրողներին հայտնաբերելու ուղղությամբ։
OFT-ի ուշադրության կենտրոնում է հատկապես Twitter-ը եւ միկրոբլոգի օգտագործողները։ Ընկերությունների եւ հանրահայտ մարդկանց միջեւ գովազդի նպատակով միջնորդական գործունեություն ծավալող Ad.ly ընկերության գլխավոր տնօրեն Առնի Գուլով-Սինգհը վերջերս նշել է, որ Facebook-ում կամ Twitter-ում մի էջին կամ միկրոբլոգին հետեւելու համար օրինակ՝ Քիմ Քարդաշյանը եւ Սնուփ Դոգը, մինչեւ 6.500 ֆունտ ստեռլինգ են պահանջում։
«Մեկ տարի առաջ նրանք խուսափում էին այսպիսի գործարքներից՝ մտահոգվելով իրենց վարկանիշի մասին, բայց հիմա, երեւի թե հասկացել են, որ մի քլիքով կարող են, ասենք, 5000 դոլար աշխատել, եւ հաճույքով համագործակցում են»,- ասել է Գուլով-Սինգհը Business Week ամսագրին։
Տեղեկացնենք, որ OFT-ին հայտարարել է, որ թաքնված գովազդի այս տեսակը չի համապատասխանում ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային կոմիտեի պահանջներին։ Ըստ դրանց՝ Facebook-ում կամ Twitter-ում գովազդային պարունակությամբ հայտարարությունները պետք է տարածվեն «ad» կամ «spon» նշումով։





























