Նոր տարուն նախորդած շրջանում հանրապետությունում գրանցված ձվային աժիոտաժը ոչ մի կերպ չի ազդել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Մաքս-կոնցեռնի» ղեկավար Խաչիկ Մանուկյանի Ամանորյա բարձր տրամադրության վրա, ով տոներն անցկացրել է ընտանիքի հետ:

Մանուկյանը NEWS.am-ի թղթակցին խոստովանեց, որ տոներին լավ կերել-խմել է՝ միունույն ժամանակ խուսափելով ստամոքսի եւ «պախմելի» հետ կապված խնդիրներից:

Պատգամավորը, ինչպես եւ հարիր է իսկական հային, շատ հյուրեր է ընդունել եւ ինքն էլ հյուր է գնացել։ «Իմ հյուրերի թվում չեն եղել բարձրաստիճան չինովնիկներ կամ պատգամավորներ։ Ես կուսակցական տոնակատարություններ կազմակերպելու փորձ չունեմ, Նոր տարին դիմավորում եւ անցկացնում եմ հարազատներիս հետ»,- հավաստիացրեց Մանուկյանը։ Սակայն, ինչպես պարզվեց, հարազատները պատգամավորի համար նվերներ չեն պատրաստել։ «Ո՞վ պետք է նվերներ տա ինձ, ես վաղուց նվերներ չեմ ստանում, բոլորն ինձնից են նվերներ ակնկալում»,-խոստովանեց պատգամավորը։

Ի դեպ, չնայած տոնական տրամադրությանը՝  «Մաքս-գրուպի» ղեկավարը (այդ Կոնցեռնի մեջ է մտնում նաեւ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան), զերծ մնաց խոստումից, որ 2011-ը Հայաստանի համար ձվային առատության տարի է լինելու։ «Կապրենք, կտեսնենք»,- ամփոփեց նա՝ ավելացնելով, որ ձվի շուկայում առկա ճգնաժամն այժմ բարեհաջող կերպով հաղթահարված է: