ՄԱԿ–ի հումանիտար հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկսը հայտնել է մարտի 18-ից ի վեր Սիրիայի Աֆրին քաղաքում տեղի բնակիչների նկատմամբ թալանի դեպքերի եւ բռնության սպառնալիքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովստին»։
«Մարտի 18-ից ի վեր հաղորդվել է, որ Աֆրին քաղաքում գրանցվել է բռնության եւ արտադատարանական ձերբակալությունների դեպքեր, ինչպես նաեւ թալանի։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել միջազգային հումանիտար իրավունքը»,–ասել է նա։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենի ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որը Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ է։ Թուրքիայի հետ միաժամանակ գործում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները:
Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բոլոր կողմերին զսպվածության եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ է արել:
Երեկ՝ մարտի 19-ին Միացյալ Նահանգները եւս խորը մտահոգություն են հայտնել Աֆրինից հաղորդվող լուրերի վերաբերյալ:




























