Ամերիկյան The Heritage Foundation կազմակերպությունը The Wall Street Journal պարբերականի հետ համատեղ հրապարակել է 2011 թ. տնտեսական ազատությունների վարկանիշը։
Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 36-րդ տեղը՝ համարվելով հիմնականում ազատ։ Ընդ որում՝ Հայաստանին ընդամենը 0,3 միավոր չի բավարարել՝ առավելապես ազատ երկրների շարքում դասվելու համար։ ԱՊՀ երկրներից Հայաստանից ավելի ազատ է համարվում միայն Վրաստանը՝ 29-րդ տեղ։
ԱՊՀ այլ երկրներն ունեն հետեւյալ ցուցանիշները. Ղազախստան՝ 78-րդ տեղ, Ղրղըզստան՝ 83-րդ, Ադրբեջան՝ 92-րդ, Մոլդովա՝ 120-րդ, Տաջիկստան՝ 128-րդ, Ռուսաստան՝ 143-րդ, Բելառուս՝ 155-րդ, Ուզբեկստան՝ 163-րդ, Ուկրաինա՝ 164-րդ, Թուրքմենստան՝ 169-րդ։
Վարկանիշում ներառվել են նաեւ Թուրքիան՝ 67-րդ տեղ եւ Իրանը՝ 171-րդ տեղ։
Աշխարհի ամենաազատ երկիր 17-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հոնգ Կոնգը։ Առաջին տասնյակում են նաեւ Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Կանադան, Իռլանդիան, Դանիան, ԱՄՆ-ը, Բահրեյնը։
Ամենաանազատ երկրներ են ճանաչվել Սուդանը, Լիխտենշտեյնը, Իրաքը եւ Աֆղանստանը։
2010 թ. հրապարակած զեկույցում Հայաստանը տնտեսական ազատությունների մակարդակով 38-րդն էր, իսկ 2009-ին` 31-րդը: Այսպիսով՝ ունենք որոշ առաջընթաց։ Փորձագետները ամենացածր գնահատականը տվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին։ Կոռուպցիան, ըստ զեկույցի, ոչ միայն համատարած բնույթ է կրում, այլեւ շարունակում է զարգանալ: «Պաշտոնյաների կողմից կաշառք պահանջելը սովորական բնույթ է կրում, կառավարության հետ սերտ կապեր ունեցող գործարարները մենաշնորհային դիրք են զբաղեցնում բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող ապրանքների ներկրման ոլորտում», - արձանագրում են զեկույցի հեղինակները։





























