Թուրքիայի նախագահության օրոք ԵԽ կառուցվածքում Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահն է թուրք Մեվլութ Չավուշօղլուն։ Հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման նախազգուշացմամբ հանդես եկավ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Մեւլութ Չավուշօղլուի գլխավորությամբ այդ կառույցում Հայաստանի համար թուրքական վտանգավոր տանդեմ է ստեղծվել։ Սակայն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստ է հակազդել բոլոր մարտահրավերներին եւ բավական ակտիվ է աշխատում»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Խոսելով Ստարսբուրգում հունվարի 24-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանին վերաբերող հարցեր այս նստաշրջանում չկան։ «Սակայն կան հարցեր,որոնք այս կամ այն չափով կարող են վերաբերել մեզ»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ ինքը պատրաստվում է հանդես գալ երեք զեկույցով։ Պատգամավորը նաեւ նշեց, որ մտադիր է արդիական եւ սուր հարցեր ուղղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։
Նա նաեւ հայտնեց, որ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում մտադիր է բացատրություն պահանջել իր լեհ գործընկերներից՝ կապված Լեհաստանի ԱԳՆ այն հայտարարության հետ, որն արգելում է այդ երկրի քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ, «քանի որ դրանք Ադրբեջանի տարածքներ են»։





























