Հայաստանի կառավարությունն ու անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է դադարեցնեն Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններ վարել գազի գնի շուրջ։ Այսօր՝ հունվարի 14-ին հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը պետք է որոշեն միայն ռուսական «Գազպրոմն» ու հայկական «Հայռուսգազարդը»:
Խնդիրը, ըստ Բագրատյանի, ոչ թե ռուսական գազի գնի մեջ է, այլ Հայաստանում դրա վրա կիրառվող ավելացված արժեքի հարկի։ «Ներքին ծախսը Հայաստանում 190 դոլար է, Ուկրաինայում՝ 20 դոլար, երբ ես վարչապետ էի՝ 8 դոլար։ Գազի վրա կատարվող ներքին ծախսն ավելի մեծ է, քան ռուսական գազի գինը, որ 180 դոլար է։ Մենք 100 կմ-ի վրա ունենք աշխարհում ամենաբարձր ինքնարժեքը, 4-5 անգամ ավելի բարձր, քան Վրաստանում, Ուկրաինայում եւ այլ տեղերում»,- ասաց Հ. Բագրատյանը։
Համեմատության համար՝ Սլովակիային գազը վաճառում են 1000 խմ-ն 250 դոլարով, սակայն սպառողներին այն հասնում է 280 դոլարով։
Հայաստանին գազը վաճառում են 180 դոլարով, սակայն սպառողներին այն հասնում է 370 դոլարով։
Ըստ Բագրատյանի տվյալների՝ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 95 տոկոս է, եւ այդ առումով Եվրոպայում առաջատար ենք, սակայն գազից օգտվում են բնակչության միայն 60 տոկոսը։ Պատճառը՝ թանկությունն է։ Նրա հաշվարկներով՝ 2009-10 թթ. Հայաստանում գազի սպառումը նվազել է 50 տոկոսով։




























