Հանրապետական կուսակցությունն այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գործադիր մարմնի նիստ է գումարել, որին հետեւել է ՀՀԿ խմբակցության հետ համատեղ նիստը: Հանրապետականում վերահաստատել են արդեն կայացրած որոշումը. մայիսի 8-ին աջակցելու են Նիկոլ Փաշինյանին: Էդուարդ Շարմազանովը, սակայն, չի նշում, թե հանրապետական քանի պատգամավոր է կողմ քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, եւ ովքեր են լինելու այդ պատգամավորները:

Փաշինյանին կսատարի նաեւ ՀՅԴ-ն: Ընդ որում՝ դաշնակցականները նրան մենակ չեն թողնի նաեւ հետագայում՝ կառավարություն ձեւավորելիս: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ տրամաբանական է համարում ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը, սակայն, վստահեցնում է, անձերի անուններ առայժմ չեն քննարկել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունների հարաբերություններին. Էդմոն Մարուքյանը հավաստում է, որ խնդիրներ ու տարաձայնություններ չունեն: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կայանալու է վաղը՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Մինչ այդ, մամուլում արդեն ապագա կառավարության կազմի շուրջ հրապարակումներ կան: Որպես փոխվարչապետի հավանական թեկնածու շրջանառվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը: Այդ մասին լրագրողները հարցրել են Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը թեեւ վստահեցրել է, որ հիմա աշխատում է ոչ թե ապագա կառավարության, այլ վաղվա ելույթի ուղղությամբ, ամեն դեպքում, մի քանի ծրագրերի մասին հարցերի պատասխանել է. Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու, ոչ մի հարցով վենդետա չի լինելու, օրենքի առջեւ բոլորը հավասար են լինելու, գործադիրի նիստերն է նորից բաց են անցկացվելու:

Սերժ Թանկյանը Երեւան է ժամանել: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են Նիկոլ Փաշինյանը, նրա կողմնակիցներն ու երաժշտի բազմահազար երկրպագուներ: Նա վստահեցրել է, որ անցած շաբաթների ընթացքում անընդհատ հետեւում էր Հայաստանի իրադարձություններին: Օդանավակայանից Սերժ Թանկյանը Փաշինյանի ուղեկցությամբ մեկնել է Հանրապետության հրապարակ՝ հավաքի:

Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց: Դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ դատարանի դահլիճից ազատ արձակել Ղուկասյանին: Որպես խափանման միջոց՝ դատավոր Վարդան Գրիգորյանն ընտրել է երկրի չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Իսկ Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, մեղադրում են 2016 թվականի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու, ինչպես նաեւ ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ:

Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում մայիսի 6-ին զինծառայողի դի են հայտնաբերել: Ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի դին գտել են գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: 19-ամյա Լեւոն Թորոսյանն Արմավիրի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ որդին. կրտսեր քույր ունի: Բամբակաշատի գյուղապետի տեղեկացմամբ՝ ընտանիքը սոցիալապես անապահով է. ծնողներն աշխատանք չունեն, հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ին:

Մայիսի 5-ից Շիրակի պետհամալսարանի մոտ բողոքի ակցիաներ են. ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականն են պահանջում: Ակցիային մասնակցում են նաեւ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաեւ Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ: Նշենք, որ Գագիկ Համբարյանն ամիսներ շարունակ հրապարակումներ է անում ռեկտորի չարաշահումների մասին, հիմնականում՝ կոռուպցիոն բնույթի:

Մինասյանը, սակայն, չի պատրաստվում հրաժարական տալ: Նա լրագրողներին ասել է, թե կոռուպցիոն սկանդալները բուհում եղել են մինչեւ իր պաշտոնավարումը, կաշառքի համար նույնիսկ կալանավորվածներ են եղել, բայց իր պաշտոնավարման ընթացքում, վստահեցրել է, նման բան չի եղել: Սահակ Մինասյանը նաեւ պնդում է, թե ստեղծված իրավիճակը պատճառն աթոռակռիվն է:

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը. նա Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում ընդունել է նախագահական կրծքանշանն ու երդվել: Պետության ղեկավարի պաշտոնը Վլադիմիր Պուտինը ստանձնում է չորրորդ անգամ: Նախորդ երկու ժամկետներով նա նախագահել է 4-ական տարի, իսկ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ 6 տարի: Առաջին 6-ամյա ժամկետով Պուտինը պաշտոնը ստանձնել է 2012 թվականից, պաշտոնավարման այս ժամկետը կլրանա 2024 թվականին:

Իսկ նախագահի երդմնակալությունից հետո, Սահմանադրության համաձայն, երկրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Մարտի 18-ին նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե երդմնակալությունից հետո փոփոխություններ է կատարելու կառավարությունում: Սակայն վարչապետի պարտականությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակի կատարել Դմիտրի Մեդվեդեւը. Պուտինը Պետդումային արդեն առաջարկել է նրա թեկնածությունը:

Թուրքիայում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը 2.3 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մայիսի 7-ին դոլարն ու ռուբլին թանկացել են, եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 579, ռուբլունը՝ 7 դրամ 73 լումա, ֆունտինը՝ 657 դրամ:

Մայիսի 8-12-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն 8-9-ի ցերեկը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն: