Քաթարում անցկացվող Ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վերջին տուրում D խմբի առաջատար Իրանի հավաքականը 3:0 հաշվով առավելության է հասել Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլիստների նկատմամբ եւ երեք խաղում տանելով նույքան հաղթանակ նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր: Դոհայում կայացած հանդիպմանն Իրանի հավաքականի ավագի կարգավիճակում մասնակցել է նաեւ Անդրանիկ Թեյմուրյանը, ով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի մեր գործընկերները նշում են, որ Իսլամական հեղափոխությունից 30 տարի անց առաջին անգամ իրանահայ ֆուտբոլիստի բազուկը զարդարել է թիմի ավագի բազկակապը եւ անկախ նրանից թե սրանից առաջ որեւէ այլ իրանահայ կամ իրանցի քրիստոնյա ֆուտբոլիստ իսլամական երկրի ազգային հավաքականի ավագի դերում կարող էր լինել թե ոչ, այս լուրը ինքնին ուշագրավ է Եվրոպայի եւ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար:

Նշենք, որ Անդրանիկ Թեյմուրյանը խաղացել է անգլիական Բոլթոն եւ Ֆուլհեմ թիմերում, իսկ այժմ հանդես է գալիս Թավրիզի Տրակտորում: