Apple ընկերությունը պայմանագիր է կնքել գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի հետ՝ իր աշխատակիցների համար անօդաչու ավտոմեքենաների ստեղծման համար: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը Volkswagen-ի կողմից արտադրված T6 Transporter մինիվենի՝ ինքնակառավարվող ավտոմեքենայի վերածման մասին է, որից կօգտվեին Apple-ի աշխատակիցները:

Ավելի վաղ ամերիկյան ընկերությունը հավակնոտ ծրագրերով էր հանդես գալիս՝ փորձելով անօդաչու ավտոմեքենաների ստեղծման համար պայմանավորվածություն ձեռք բերել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BMW-ն եւ Mercedes-Benz-ը: Սակայն այդ բանակցությունները ոչնչի չհանգեցրեցին, առաջին հերթին՝ Apple-ի չափազանց շատ պահանջների պատճառով, որը պնդում էր ամբողջությամբ իրեն փոխանցել ապագա մեքենայի դիզայնի եւ տեխնոլոգիական բաղադրիչի վերահսկումը, գրում է թերթը:

Իսկ այժմ Apple-ը հրաժարվել է նախկին պլաններից՝ կենտրոնանալով անօդաչու շաթլի ստեղծման վրա, որը կարող էր տեղափոխել կորպորացիայի աշխատակիցներին: Պարբերականի տվյալներով՝ նման ավտոմեքենայի մշակումը կլանում է Apple-ի թիմի գրեե ողջ ժամանակը, որը ձեւավորվել էր մոտ 4 տարի առաջ՝ անօդաչու ավտոմեքենայի ստեղծման նպատակով: