Մեքսիկայի Կանկուն քաղաքում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային գագաթաժողովի ընթացքում, Հայաստանը մաքուր զարգացման մեխանիզմների ոլորտում ձեռքբերումների համար մրցանակ է ստացել:
Ինչպես հայտնում է «Էկոլուրը», այս հաջողությունը համարվել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության 2010թ. գլխավոր ձեռքբերումը:
Մաքուր զարգացման մեխանիզմները` բարդ կազմակերպչական, էկոլոգիական, տնտեսական խնդիրներ են, որոնց լուծումը հիմնված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ նրան կցված Կիոտոյի արձանագրության վրա: Այս փաստաթղթերի հիմնական նպատակն է, օգտագործելով տնտեսական մեխանիզմներ, նվազեցնել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը:
Սակայն միջազգային ճանաչման արժանացած հայկական թիմը, որն ավելի քան 10 տարի զբաղվում է կլիմայի փոփոխության հարցերով, գլխատվել է:
Հայաստանում ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը այլեւս հարկավոր չէ նախարարությանը: Կառավարության որոշմամբ, վարչությունը կազմալուծվել է, իսկ Արամ Գաբրիելյանը դարձել է գործազուրկ:




























