ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» նախագիծը, որն այժմ  ներառում է Հայաստանի երկու` Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերը եւ կերակրում տարրական դասարանների 12 հազարից ավել երեխաների, 2011-ին կիրականացվի նաեւ Շիրակի, Լոռիի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի պարենային ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատյանը:

«Նախատեսվում է, որ արդեն այս տարի «Դպրոցական սնունդ» ծրագրից կօգտվի մոտ 50 հազար երեխա: Ընդ որում, օգնությունը ոչ թե պատրաստի սնունդի, այլ ալյուրի, բուսական յուղի եւ ոլոռի տեսքով է, որոնք դպրոցների ճաշարաններում օգտագործվում են հաց թխելու եւ տարատեսակ ուտելիքներ պատրաստելու համար: Գյուղական տարբեր համայնքներում բացի վերոնշյալ մթերքներից, տրամադրում ենք նաեւ կարտոֆիլ, կաղամբ, գազար եւ այլ բանջարեղեն»,- ասաց ծրագրերի համակարգողը:

Հարցին, թե նախագծի իրագործման համար որքա՞ն գումար է տրամադրել ՄԱԿ-ը, Խառատյանը տեղեկացրեց, որ 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար (մեր երկրում ծրագիրը մեկնարկել է 2010-ի հոկտեմբեր ամսից) Հայաստանին հատկացրել է 250 հազար դոլար, իսկ 2011-ին գումարի չափը նախատեսվում է հասցնել 2 մլն դոլարի:

«Հատկանշական է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» նախագիծը Հարավային Կովկասի երկրներից իրականացվում է միայն Հայաստանում: Ադրբեջանն այլեւս չի օգտվում այս ծրագրից, իսկ Վրաստանը` 2008 թվականի պատերազմից հետո, դուրս է մնացել նախագծի շրջանակներից»,- պարզաբանեց Լիանա Խառատյանը` հավելելով, որ դրա փոխարեն պարենային աջակցության ծրագիրն իրականացվում է ԱՊՀ մի շարք երկրներում, ինչպես օրինակ Ղրղըզստանում եւ Տաջիկստանում:

Նշենք, որ հայաստանյան ծրագիրը հաշվարկված է 3 տարվա համար եւ կավարտվի 2013 թվականի հոկտեմբերին: