ԱՄՆ-ն դարձյալ միջազգային-իրավական համակարգի հանդեպ քամահրական վերաբերմունք է ցուցադրել: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Վաշինգթոնի որոշման հետ, որը պայամանավորված է Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորմամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ մինչեւ հիմա ոչ ոք չի կարողացել որեւէ ապացույց ներկայացնել, իսկ բրիտանական կողմը, չնայած Ռուսաստանի բազմաթիվ դիմումներին, հրաժարվում է Սելսբերիի մարտի 4-ի միջադեպի քննության գործում համագործակցությունից:

«Ռուսաստանին առաջադրված Սոլսբերիում տեղի ունեցածին մասնակցության չապացուցված մեղադրանքները դիտարկում ենք որպես հերթական փորձ Ռուսաստանին ներկայացնելու մի պետություն, որն անպատասխանատվությամբ է մոտենում իր միջազգային պարտավորությունների կատարմանը: Հարցի նման դրվածքը առանձնապես երեսպաշտ է՝ հաշվի առնելով այն, որ ինքը ԱՄՆ-ն չի շտապում ոչնչացնել իր քիմիական զենքի զինանոցը եւ ՔԶԱԿ միակ անդամ երկիրն է, որը ռազմական թունավոր նյութերի զգալի պաշարներ ունի:

Վաշինգթոնի ներկայիս գործողությունները սպառնալիք են ներկայացնում ՔԶԱԿ ամբողջականությանը եւ վնաս են հասցնում Կազմակերպության հեղինակությանը, որի հետ Ռուսաստանը ամենասերտ կերպով համագործակցել է քիմիական զինանոցի վերացման ազգային ծրագրի իրականացման ընթացքում: ԱՄՆ-ն դարձյալ ցուցադրել է քամահրական վերաբերմունք միջազգային-իրավական համակարգի հանդեպ եւ սպառազինության վերահսկողության ոլորտում եղած բազմակողմանի մեխանիզմների օգտագործման ձգտում սեփական քաղաքական օրակարգի առաջմղման համար:

Ռուսաստանը քանիցս գործով հաստատել է, որ ամենամանրակրկիտ կերպով է մոտենում իր միջազգային պարտավորությունների կատարմանը: Դա կասկածի ենթարկելու ցանկացած փորձ անընդունելի է ու անթույլատրելի: Մտադիր ենք այսուհետեւ եւս շարունակել պլանաչափ աշխատանքը ինչպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության ամրապնդման, այնպես էլ սպաազինության եւ չտարածման վերահսկողության միջազգային-իրավական ամբողջ համակարգի շուրջ, որի ձեւավորումը համաշխարհային հանրությունից զգալի ջանքեր է պահանջել եւ շարունակվել է մի քանի տասնամյակ: Վաշինգթոնին կոչ ենք անում հրաժարվել դրա հետագա ապահավասարակշռման անպատասխանատու քաղաքականությունից»: