ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթվա (փետրվարի 1-7) առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ տարբեր կրոննաերի միջեւ համերաշխության կոչ է արել:
Առաջին Միջկրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթը կրոնական առաջնորդների, միջկրոնական շարժումների եւ անհատների ջանքերի վրա համընդհանուր ուշադրությունը կենտրոնացնելու հնարավորություն է, որպեսզի խթանենք փոխադարձ հարգանք եւ փոխըմբռնում տարբեր կրոնական համոզմունքների եւ հավատքի հետեւորդների միջեւ: Մեր այս գործընկերներն առանձնահատուկ դեր են խաղում խաղաղությանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերն աջակցելու գործում:
Հռչակելով այս շաբաթը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խրախուսում է բոլոր անդամ պետություններին փետրվարի առաջին շաբաթն օգտագործել` տարածելու հետեւյալ հաղորդագրությունը` «միջկրոնական ներդաշնակություն եւ բարյացակամություն աշխարհի եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում, տաճարներում եւ պաշտամունքի այլ վայրերում. հիմնված Աստծո սիրո կամ ինչ-որ մեկի հարեւանի սիրո վրա եւ յուրաքանչյուրը համաձայն իրենց կրոնական սովորույթների կամ համոզմունքների»:
Հարգանքը բազմազանության հանդեպ եւ խաղաղ երկխոսությունը կարեւոր են, եթե մարդկային ընտանիքը պատրաստ է գլոբալ համագործակցության` դիմակայելու ընդհանուր սպառնալիքները եւ գնահատելու ընդհանուր հնարավորությունները: Ահա, թե ինչու համայնքների եւ անհատների միջեւ վստահություն կառուցելու անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության եւ այլ մասնակիցների ջանքերը գտնվում են ՄԱԿ-ի նախաձեռնությունների հիմքում` Քաղաքակրթությունների դաշինքից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանությանը, սոցիալական համախմբմանն ու խաղաղության մշակույթ կառուցելուն ուղղված մեր լայնածավալաշխատանքները:
Շաբաթը նշվելու է ամբողջ աշխարհում գործողությունների լայն շրջանակով: Նյու Յորքում հիշատակումն ընդգրկելու է միջկրոնական նախաճաշեր, տեսաֆիլմերի ցուցադրություններ եւ քաղաքացիական հասարակության, ՄԱԿ-ի աշխատակիցների եւ այլ միջկառավարական կազմակերպությունների մասնակցությամբ զրույցներ:
Ես ցանկանում եմ շարունակել բոլոր հավատքների տեր մարդկանց հետ աշխատել` ձերբազատվելու շատ հաճախ մեզ բաժանող լարվածությունից ու թյուրըմբռնումից եւ գտնելու ներդաշնակության ու բոլորիս արժանապատվության ուղին:





























