Երեւանը տասնյակ տարիներ անց հնարավորություն ունի անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին հայտարարեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։
«Սա իրողություն դարձավ շնորհիվ հեղափոխության, որը կատարեց ամբողջ հայ ժողովուրդը: Այսօրվա համար մենք միասին պայքարել ենք երկար տարիներ, այդ պայքարող մարդկանցից էլ ընդգրկվել են մեր ցուցակում»,- ասաց Մարությանը։
Նա ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որ բաղկացած է 50 կետից: Դրանում ներառված են մայրաքաղաքի տրանսպորտի, աղբահանության խնդիրները, տեղական հանրաքվեների կազմակերպումը եւ այլ հարցեր:




























