Կարող եմ ձեզ հավատացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այն մարդը չէ, ով կարող է ժողովրդի դեմ ուղղված որեւէ քայլ անել: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երեւան» դաշինքից քաղաքապետի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն հայտարարություններին, թե օլիգարխները, այդ թվում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնակցել են 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:
Մասնավորապես, նա առաջարկեց լրագրողներին ծանոթանալ «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին: «Այնտեղ հստակ ասվում է, որ երբ կազմակերպվում էր խորհրդակցությունը, որտեղ որոշվում էր ժողովրդին կրակելու հարցը, հետեւել է Գագիկ Ծառուկյանի միջամտությունը, ինչը եւ թույլ չի տվել նման որոշումը: Դա անգամ դուր է եկել Սերժ Սարգսյանին», - պարզաբանեց Զուրաբյանը:
Առարկությանը, թե եղել են հակառակը վկայող հրապարակումներ, պատգամավորը նշեց, որ նման հրապարակումներ իսկապես եղել են, սակայն պետք է հաշվի առնել հայկական փոխհարաբերությունների առանձնահատկությունը, քանի որ «մեր քաղաքական իրականությանը բնորոշ է կեղծիքների օգնությանը դիմելը»:




























