Իրավապահները Yerevan.Today լրատվական կայքի խմբագրությունում եւ գլխավոր խմբագրի տանն այսօր վաղ առավոտից խուզարկություններ են կատարել: Որպես հիմք նշվել է, որ կայքն ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը, իբր, հրապարակել է 2 օր ավելի վաղ, քան մյուս լրատվամիջոցները: Իրավապահները գաղտնալսման սարքեր են փնտրել, ստուգել են համակարգիչները: Աշխատակիցներին այդ ամբողջ ընթացքում թույլ չեն տվել խմբագրություն մտնել:
Կայքի գլխավոր խմբագիրն ասում է՝ իրավապահների նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը. այն նշել է սեպտեմբերի 11-ը եւ կից գրել, որ հրապարակումը կատարվել է դրանից 2 օր առաջ: Սակայն, ըստ Սեւակ Հակոբյանի, դեռեւս սեպտեմբերի 12-ին են նկատել որոնման համակարգի խնդիրը եւ հանդես եկել հերքմամբ: Խմբագիրը սա իրենց կայքի դեմ ուղղված գործողություն է որակում: Սեւակ Հակոբյանի պնդմամբ՝ ոստիկանության գործողությունները կատարվել են կոպիտ խախտումներով. նույնիսկ իրենց փաստաբաններին են դժվարությամբ ներս թողել:
Իսկ Քննչական կոմիտեից ավելի ուշ հաղորդել են, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքով քննվող քրեական գործով փաստական տվյալների հիման վրա 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Քննչական մարմինը, միաժամանակ, պնդում է, որ խուզարկությունը կապ չունի կայքի լրագրողական գործունեության հետ:
Ադրբեջանական զինուժը կրկին ակտիվացել է հայ-ադրբեջանական սահմանին: Սեպտեմբերի 15-ին Տավուշի սահմանամերձ Կոթի համայնքում հակառակորդի կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: 60-ամյա Սուրեն Սեփխանյանը հրազենային վիրավորում է ստացել սրունքի հատվածում: Բարեբախտաբար՝ վնասվածքը լուրջ չէ, ոսկորը չի վնասվել: Վիրավորի հետ հեռախոսով զրուցել է նաեւ վարչապետը. հավաստել է՝ լավ է զգում:
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակն էլ տեղեկացրել է, որ հակառակորդը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Կոթի գյուղի, այլ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ. կրակել է հիմնականում հրաձգային զենքերով: Հայկական կողմը պատասխան գործողություններով լռեցրել է հակառակորդին: Նույն օրը երեկոյան հակառակորդը Նախիջեւանի ուղղությունից կրակոցներ է արձակել նաեւ Արենի գյուղի ուղղությամբ: Սակայն այս դեպքում, ի տարբերություն Տավուշի, գնդակները մինչեւ գյուղ չեն հասնում:
Հայտնի «Զինված խմբի» գործով եւս 6 ամբաստանյալներ ազատ արձակվեցին կալանքից: Նրանց համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորներ: Հունիսին փոխվել էր այս գործով եւս մի քանի ամբաստանյալի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց զինված խումբը, որը 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծվեց, ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակվել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին: Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հանրահավաքում, հիշեցնենք, վարչապետը Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել՝ իր դրամական միջոցները պետությանը վերադարձնելու համար: Ալեքսանդր Սարգսյանը պնդում է՝ դրանք, օրենքով սահմանված կարգով, բռնագանձնման ենթակա չեն: Սարգսյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ անձամբ էր հայտարարել, որ «այդ հաշվեհամարում, որ գումարը կա, Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպել, եւ ֆորմալ առումով կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու եւ օրենքով սահմանված կարգով առգրավելու»: Ալեքսանդր Սարգսյանը պնդում է, որ իր հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքից ելնելով եւ իշխանությունն օգտագործելով է վարչապետը սպառնում եւ իրեն պատկանող գումարները վերադարձնելու պահանջ ներկայացնում: Ամեն դեպքում, Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանում իրական օրինականություն հաստատվելու դեպքում» պատրաստ է իր դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանին՝ իր նախընտրած ոլորտը զարգացնելու համար:
Հրազդանի շենքերից մեկում նախօրեին պայթյուն է որոտացել: Բնակիչները պատմում են՝ պայթյունի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հարեւան թաղամասերում է լսվել: Կարծել են՝ երկրաշարժ է: Բնակարանում, որտեղ որոտացել է պայթյունը, ոչ ոք չի ապրում: Հարեւանների խոսքով՝ տարին մեկ անգամ տանտերերը մի քանի օրով գալիս են ու հեռանում: Ասում են՝ այնպիսի մարդիկ չէին, որ թշնամիներ ունենան: Իսկ ինժեներական տեղազննման արդյունքում փրկարարները ժամացույց են հայտնաբերել՝ էլեկտրական լարերով միացված, 4 էլեկտրական եւ 4 կրակային ճայթիչ պայթուցիչ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար: Սարքը վնասազերծել եւ ոստիկաններին են հանձնել:
Ֆիլիպիններում մոլեգնող «Մանգհուտ» թայֆունը, վերջին տվյալներով, 64 մարդու մահվան պատճառ է դարձել: 33 մարդ տուժել է, եւս 45-ն անհայտ կորած է համարվում: Բնության տարերքն ամենամեծ վնասը հասցրել է Բենգետ նահանգին. այստեղ 38 մարդ է զոհվել:
Թայֆունն արդեն հասել է Չինաստանի հարավային ափերին։ Գուանդուն նահանգում ավելի քան 2.45 մլն մարդ հարկադրված լքել է տները: Իսկ Հոնկոնգում «Մանգհուտ»-ի հետեւանքով տուժածների թիվը հասել է 362-ի: Մի քանի շրջաններում ժամանակավոր ապաստարաններ են բացվել, փողոցներ են հեղեղվել, Հոնկոնգի օդանավակայանում էլ միայն կիրակի 889 չվերթ է չեղարկվել: «Մանգհուտն» այս տարվա 22-րդ թայֆունն է եւ ամենահզորներից մեկը: Օդերեւութաբանները տեղական իշխանություններին խորհուրդ են տվել միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր աղետին պատրաստ լինելու եւ դրա հետեւանքները վերացնելու համար:
Սեպտեմբերի 17-ին դոլարն աճել է, եվրոն՝ թուլացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 11 լումա, ֆունտինը՝ 635 դրամ:
Սեպտեմբերի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ ե ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:











