Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի աշխատանքի շնորհիվ էր, որ կարողացանք ցույց տալ՝ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր աշխատանքի եւ նրա ջանքների շնորհիվ էր, որ մենք կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը, ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար»,–նկատեց օմբուդսմենը։
Թաթոյանը շեշտեց՝ այժմ առկա այն մեծ ընդգրկվածությունը, որը նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի շնորհիվ է, որ ունենք միջազգային ասպարեզում, շատ կարեւոր է. «Որովհետեւ մենք ունեցանք եւ ասուլիսներ եվրոպական երկրներում, Ադրբեջանն անընդհատ խանգարում էր, բայց կապ չունի, իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է, այնտեղ էլ կան կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դրսեւորում են միակողմանի մոտեցում եւ մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում»։
Նա չմեկնաբանեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրաժարական տալու պատճառները, սակայն ընդգծեց՝ ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դառնա աշխարհին։
Նա նաեւ հրաժարվեց պատասխանեց հարցին, թե ով կփոխարինի Ռուբեն Մելիքյանին այդ պաշտոնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս եւ ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։











