Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիա փախած հայտնի թուրք լրագրող Կան Դունդարը, «դատապարտված լրտես» է եւ պետք է արտահանձնվի Թուրքիային, հաղորդում է AP-ն: Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում:
Խոսքը Cumhuriyet ընդդիմադիր թերթի խմբագիր Դունդարի մասին է, որը փախել էր Գերմանիա, այն բանից հետո, երբ պետական գաղտնիքները բացահայտելու համար դատապարտվել էր, երբ իր թերթը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ թուրքական հատուկ ծառայությունները Սիրիա զենք են փոխանցում:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Էրդողանն ասել է, որ չի մասնակցի Մերկելի հետ ասուլիսին, եթե այնտեղ Դունդարը լինի: Վերջինս որոշել է չմասնակցել, որպեսզի Էրդողանը չկարողանա խուսափել հարցերին պատասխանելուց:
Մերկելը հայտարարել է, որ դա «գաղտնիք չէ», որ Դունդարի դեպքում Թուրքիայի եւ Գերմանիայի դիրքորոշումները տարբերվում են եւ շեշտել, որ նրա վրա ճնշում չի գործադրվել, որպեսզի նա չմասնակցի մամուլի ասուլիսին: Դա իր որոշումն էր, հավաստիացրել է Մերկելը:




























