Պակիստանի բանակի ղեկավարը հաստատել է «Թալիբան» շարժման 11 զինյալներին մահվան դատապարտելու մասին տեղեկատվությունը՝ գրում է AP-ն։

Ահաբեկիչները դատապարտվել են զինվորական դատարանի կողմից՝ վերջին տարիներին իրենց հարձակումների համար, որոնց հետեւանքով 69 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 զինծառայող։ Սակայն գեներալ Քամար Բաջավի հայտարարության մեջ չի նշվել, թե դատավճիռը երբ պետք է ի կատար ածվի։

Դատական գործընթացը հասարակության համար փակ է եղել, բայց ըստ իշխանությունների՝ դատապարտյալներին տրվել է իրենց ընտրությամբ փաստաբան վարձելու հնարավորություն։

Պակիստանը հանել է մահապատժի արգելքը 2014 թվականին, երբ Պեշավարում դպրոցի վրա հարձակումից հետո զոհվել էր 150 մարդ, որոնց մեծ մասը՝ դպրոցականներ։