Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 2011-2012 թվականների հայ-ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Ուկրաինայի դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիրը։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրիշենկոն, հայ-ուկրաինական համագործակցության ծրագրում նախանշված են հիմնական միջոցառումներ, որոնք կիրականացվեն 2011-2012 թվականների ընթացքում։
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, քննարկման առանձին թեմա է դարձել ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության հարցը։ Ի դեպ, այդ կառույցի նախագահությունը 2013-ին կստանձնի Ուկրաինան։
Ուկրաինայի ԱԳ նախարարն իր հերթին ասել է, որ այդ ընթացքում Կիեւը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Նրա խոսքով, Ուկրաինան իր նախագահության ընթացքում աշխատելու է ակտիվորեն նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորման հարցին։
Կողմերը քննարկել են նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:





























