Պարոն Ծառուկյանը անձամբ ներկա է լինելու նիստին, որպեսզի որեւէ բացակայություն չունենանք։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երկուշաբթի նախատեսված ԱԺ արտահերթ նիստին իրենց խմբակցության մասնակցության հարցին, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ կողմ քվեները բավարարեն։

«Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ բոլորս մեկ մարդու նման պետք է ներկա լինենք, քվեարկենք, որովհետեւ բարեփոխված տարբերակը դրական զարգացում կապահովի մեր երկրի համար»,–ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։

Նա նկատեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը այս իրավիճակում ձեռնտու է քաղաքական բոլոր ուժերի համար.«Ցավոք սրտի, ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ չի պաշտպանում բարեփոխված տարբերակը, մենք կարծում ենք, որ եթե ճիշտ վերլուծություն արվի, մենք կարող ենք համախոհության գալ»։

Նա հույս հայտնեց, որ երկուշաբթի քվերակության ժամանակ կունենան անհրաժեշտ քանակի ձայներ, որպեսզի դրական տրամադրությամբ գնան նոր ընտրությունների, որովհետեւ արտահերթ ընտրությունները հին օրենսգրքով բավականին խնդիրներ կարող է առաջացնել. «Վարկանիշային ընտրակարգը քաղաքական ընտրությունները վերածում է թաղային ընտրությունների եւ թաղային խուժանը միշտ կարողացել է ազդել երկրում ընտրությունների որակի վրա։ Չէինք ցանկանա, որ նոր Հայաստանում որեւէ ստվեր ազդեր ընտրությունների ընթացքի վրա»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի ընտրությանը, նա հաստատեց, որ հանձնառու են իրենց հուշագրին, որում հստակ նշել են, որ վարչապետի հրաժարականը եւ առաջադրելու դեպքում չընտրելը պարտավոր են իրականացնել եւ իրենց գործընկերային հարաբերություններում պահելու են պարտավորությունները։