Նախկին իշխանությունների օրոք ՔԿՀ-ներում շատ դատապարտյալներ պահելը պատահական չի արվել, հատուկ է արվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես որպես ՔԿՀ-ներում երկար ժամանակ անցկացրած մարդ, ասում եմ, որ դա հատուկ է արվել: Երբ ասում ենք, որ քրեական էլիտան իշխանության հետ կապ է ունեցել, հենց դրա հետ է կապված: Քնելու տեղ չունենալը փող է, ով ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա: Դա նաեւ «լավ տղու» բազար ա, ով է իրեն ճիշտ պահում ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ եւ հետո, «Ճշտի իշխանությանը» ով է բավարար չափով ծառայում»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ ՔԿՀ-ները Հայաստանում եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը. «Դրա իմաստը եղել է շատ պարզ, մարդը ՔԿՀ-ից ներս մտավ, ինքը կոնվեյերի վրա էր դրվում, եւ ամբողջ համակարգն աշխատում էր հնարավորինս նրանից շատ փող քամել. Կլինի ղումարի տեսքով, թե այլ տեսքով: Ու այդ երեւույթը հիմա էլ կա, բայց արմատախիլ կարվի: Մարդիկ տներ են ծախում, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն: Ինչքան շատ մարդ կա, շատ փող են հավաքում: Հիմա էլ այդ մաֆիոզները պաշտոններ են զբաղեցնում:
Ինչու բոլորին չենք հանել, պարզ պատճառով, նախ ճիշտ չի թացը չորին խառնել, երկրորդ, եթե իրենց հանենք, ում ենք բերելու աշխատելու 70 հազար դրամով: Սրանք կարեւոր հարցեր են»,-ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով, կա խնդիր, որ գրավով մարդկանց կալանքից ազատում են. «Քննչական մարմինները դրանից անհանգստացած են, որովհետեւ քննչական մարմինները երկար տարիներ աշխատել են այդ տրամաբանությամբ եւ շատ դեպքերում դա օբյեկտիվ է: Եթե օրինակ մարդը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ եւ նրան կալանքից ազատ են արձակում, նա արդեն իր ողջ ցանցի հետ որպես վկաների, աշխատելու հնարավորություն է ունենում: Մարդիկ տեսնում են, որ դա այնքան էլ լուրջ չի»:
Փաշինյանը նշեց, որ պետք է վերլուծել, թե գործերի քանի տոկոսն է, որ այո, անձը պետք է գրավով ազատ արձակվի, եւ քանի տոկոսի դեպքում դա անթույլատրելի է:
«Ես ուզում եմ միանշանակ ասել, որ ես որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածության չեմ եկել, առավել եւս դատարանների վրա ազդեցություն չունեմ: Ես չեմ էլ բացառում, որ պետական կառավարման մարմիններում կարող են լինել այդպիսի օղակներ: Եթե ես դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս, դա չի նշանակում, որ դատական համակարգը հրահանգներ չի փնտրում: Ես չեմ բացառում, որ այդ հրահանգը կարող են ստանալ եւ իշխանական օղակներից, նաեւ նախորդ իշխանության որոշ օղակներից»,-ասաց նա:











