Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների հարցը ոք ոչ մեկի վրա չի դնում, քանի որ օրենքը հստակ արգելում է դրանց, որպես փոխադրամիջոց, ներմուծումը Հայաստանի տարածք: Այս մասին հոկտեմբերի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նա հայտնեց, որ այս հարցով հոկտեմբերի 26-ին քննարկումներ են անցկացնելու: «Կարծում եմ, որ դա շարունակական գործընթաց կլինի: Բանավեճին կհրավիրվեն պետական կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ մարդիկ, որոնք զբաղվում են այս մեքենաների վաճառքով»,- պարզաբանեց Արշակյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանում երթեւեկությունը կարգավորված եւ նախագծված է ձախակողմյան ղեկով վարվող ավտոմեքենաների համար: Հարցին՝ կարո՞ղ են ավտոմեքենաները Հայաստանի տարածք ներմուծվել ոչ որպես տրանսպորտային միջոց, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ դրանք կարող են ներմուծվել որպես ավտոպահեստամասեր:











