Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ դեմ են Գևորգ Ավետիսյանին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մարզպետի որոշմանը։ Այսօր՝ հոկտեմբերի 25–ին, կառավարության շենքի մոտ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով փոխել նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին։
Բնակիչների խոսքով՝ նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց, որ Ուրցաձորում լարվածությունը թուլանա, մինչդեռ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ՝ գյուղում կրկին իրավիճակը լարվել է: Բողոքող գյուղացիները ցանկանում են, որպեսզի, նախքան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի չեզոք մեկը։
Նրանց խոսքով՝ համայնքի ղեկավարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը նախկին գյուղապետի դեմ ցույցեր իրականացնողներից է և չի կարող հանդես գալ բոլոր գյուղացիների անունից։
«Ժամանակավոր պաշտոնակատար թող լինի, բայց ոչ ցուցարարների կողմից, թող չեզոք մեկը լինի»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Սերոբ Խաչատրյանը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը ակցիայի մասնակիցներից մինչև հոկտեմբերի 29–ը ժամանակ խնդրեց՝ խնդրին լուծում տալու համար։
«Մինչև երկուշաբթի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը փաստացի աշխատանքի չի գնա, մինչև այս իրավիճակը վերջնական չհստակեցնենք, խնդրին այնպիսի լուծում չտանք, որը երկու կողմին էլ բավարարի»,–ասաց նա։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 24–ին համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները փակել էին համայնքապետարանի դուռը և թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10–ին Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել ՝ «հաշվի առնելով համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, ուստիև խուսափելով բնակչության շրջանում առաջացող թշնամանքի ու բարոյահոգեբանական հետագա բացասական վիճակից»։
Ուրցաձոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի կունենա փետրվարի 17–ին։











