Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է« China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի  գլխավորությամբ, հայտնում են NEWS.am-ին նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնից։

Քննարկվել են  չինական ընկերության  համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հյուրերն ընդգծել են Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և նշել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար: 

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգում վերազինման ու վերակառուցման, արդիականացման անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: China National Electric Engineering Company (CNEEC)-ի ներկայացուցիչները կարևորել են նաև Հայաստանի  կառավարության և Չինաստանի կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ և մեծագույն ցանկությունը, որը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը: