Ազգային ժողովում ճեպազրույցների հիմնական թեման Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններն էին՝ ռուսական զենքի փոխարեն ամերիկյանը ընտրելու, նաև այն հարցում, թե ինչ նոր ու կարևոր դեր կունենա վերընտրված Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հարցում։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրել է միջազգային կոնվենցիաները,որոնք արգելում են հակամարտող երկրներին զենք վաճառել՝ լինի ռուսական, թե ամերիկյան, իսկ արտահերթի արդյունքները, նրա կարծիքով, որևէ կերպ չեն կարող ազդել հակամարտության լուծման վրա։ Բաղդասարյանը նշել է նաև, որ ինքը լուծում չի տեսնում, քանի որ եղած տարբերակներին դեմ է և՛ Արցախը, և՛ Ադրբեջանը։

Ամերիկյան զենքով զինվելու տարբերակը Դաշնակցությունը միայն ողջունում է, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Իրենց համար կարևոր է Լեռնային

Ղարաբաղում ուժերի բալանսն ապահովելը եւկարեւոր չէ՝ ինչ ճանապարհով՝ լինի ԱՄՆ-ի կամ մեկ ուրիշի օգնությամբ,քանի որ Հայաստանը պետք է լրացնի զինանոցը՝ ելնելով իր կենսական շահերից։ Ռուստամյանը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական մեր հարաբերություններին այլընտրանք չկա։

Հրատապ արտահերթին մասնակցելու որոշում Հանրապետականը դեռ չունի, առաջիկա օրերին համաժողով կհրավիրեն, հայտարարություն կանեն, ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Մյուս հարցականը հավանական ցուցակի առաջին անունն է․ Սերժ Սարգսյան կամ այլ անուն չեն հրապարակում․ քննարկելու են առաջիկայում։ Ցուցակի կազմը դեռ ոչ, բայց բովանդակությունը հայտնի է, այն միայն քաղաքական է լինելու, իրենք էլ դիրքավորվելու են որպես «արմատական-կառուցողական» ընդդիմություն, բայց պարտադիր նաև դրականը նկատող, շեշտել է Բաղդասարյանը։

Արտահերթին Դաշնակցությունը ևս կմասնակցի որպես ընդդիմություն, դաշինք չեն կազմի, քանի որ համարում են, որ քաղաքական դաշտում ունեն առանձնահատուկ կերպար և այդ հատկանիշը, ըստ Ռուստամյանի, իրենց թույլ է տալիս առանձին մասնակցել ընտրություններին։

«Լույս» դաշինքը նոր խորհրդարանում չի պատրաստվում ստանձնել գրպանային ընդդիմության դերը, ինչպես որ Շարմազանովն էր կանխատեսել, և ըստ Գորգիսյանի՝ իրենց Հանրապետականի արշինով չափել։ «Լույսը» նաև անընդհատ չի ապացուցելու, որ ընձուղտ չէ, ասել է Գորգիսյանը՝ արձագանքելով մամուլի լուրերին, թե իրենց դաշինքը «սպիտակ» դաշտից սպասարկում է «սև» ուժերին։

Իսկ հոկտեմբերի 29-ին սպասվող արտահերթին Գևորգ Գորգիսյանը հույս ունի, որ Ընտրական բարեփոխումների փաթեթը կհաստատվի, և նրանք, ովքեր խոստացել էին կողմ քվեարկել, այս անգամ նիստին կներկայանան: 

Մանվել Գրիգորյանը իր կուղբաբուծարանը նվիրում է պետությանը։Կալանավորված գեներալը դիմել է կառավարությանը՝ Հայաստանին նվիրելու Ակնալիճի իր տնտեսությունը։ Դրա շուկայական արժեքն ավելի քան 10 ու կես մլն դոլար։ Այս լուրը հաստատել է Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահը, նշել, որ գեներալի ներկայացուցիչը գրություն է ուղղել կոմիտեին։ Լոռեցյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը գույքը նվիրում է առանց նախապայմանի, նվիրաբերության պատճառներն իրեն հայտնի չեն, նաև դեռ որոշված չէ, թե ինչ նպատակով է օգտագործվելու գեներալի նվերը։

Քննչական կոմիտեն մերժել է գաղտնալսման գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու միջնորդությունը ՝ պատճառաբանելով, որ նախաքննության ընթացքում դատարանի գործերին միջամտելու տվյալներ ձեռք չեն բերվել։ Երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեի որոշումը բողոքարկելու են՝ դիմելով գլխավոր դատախազին, քանի որ, ըստ նրա, ձայնագրությունը պարունակում է Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելու առերևույթ փաստեր։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու վարչական շրջանի ղեկավար է նշանակել, Արաբկիրը կղեկավարի Արամ Դանիելյանը, Դավիթաշենը՝ Միքայել Թումասյանը Քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարկվել են նաև փոխքաղաքապետեր նշանակելու որոշման նախագծերը։ Ըստ այդմ, առաջարկվում է քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրաբյանին։

Եվ աշնան առաջին ձյունը այսօր Հայաստանի հյուսիսում։ Օդերևութանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հրապարակել է առաջին ձյան առաջին լուսանկարը Աշոցքից։

Դոլարը շարունակում է թանկանալ։ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 25-ին կազմել է 485, եվրոյինը՝ 551, բրիտանական ֆունտինը՝ 622 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (մնացել է անփոփոխ):

Գիշերը և վաղը ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ և անձրեւ։Գիշերը ջերմաստիճանը կնվազի ևս 6-7 աստիճանով։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն: