«Մարտի 1-ի» բացահայտման գործընթացը ի տարբերություն հոկտեմբերի 27-ի դյուրին գործընթաց է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ճիշտ կլինի վերսկսել այն ժամանակ, երբ արտաքին վտանգները բացառված կլինեն Այն բոլոր վարկածները, որոնք ժամանակին առաջ ենք քաշվել չեն հերքվել, առավել ևս պատվիրատուի տարբերակը՝ ներսից ու դրսից: Մարտի 1-ի բացահայտման գործընթացը ի տարբերություն հոկտեմբերի 27-ի դյուրին գործընթաց է: Հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել այն ժամանակը, երբ երկիրը ամուր ոտքերի վրա կանգնած կլինի,  իր զարգացման հունի մեջ կլինի։ Ես անձամբ քաղաքական միջամտության վարկածն ավելի հնարավոր եմ համարում, իսկ այդ պարագայում, եթե դա ստուգելու լինենք պետք է  շատ ավելի լուրջ ու զգույշ մոտենանք խնդրին, քանի որ երկրի անվտանգության խնդիր կա»,-ասաց Արամ Սարգսյան:

Արամ Սարգսյանը նշեց, որ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հոգու հանգստության համար հիմա ավելի կարեւոր կլինի երկրի զարգացումը, քան թե Հոկտեմբերի 27-ի բացահայտումը։

«Վազգեն Սարգսյանը հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու եւ, իմ կարծիքով, նա ավելի հանգիստ կլինի, որ այս իշխանությունները երկիրը տանեն այդ ուղղությամբ, սա կլինի Հոկտեմբերն 27-ի ամենալուրջ բացահայտումը։ Ուժեղ պետությունն է, որ կարող է նման ոճրագործությունը էսքան տարվա դադարից հետո վեր հանել, փորձել գտնել իրական մեղավորներին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ եղբորս հոգու հանգստության համար  շատ ավելի կարեւոր է էս երկրի կայացումը, իրական հզորացումը, ղարաբաղյան  հիմնահարցի լուծումը, քան Հոկտեմբերի 27-ի բացահայտումը կամ չբացահայտումը»,-ասաց Արամ Սարգսյանը։