Ես կփորձեմ լինել Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երեւանի սահմանում չի անելու։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 29–ին, Երեւանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, նշելով, որ ոլորտում իրարամերժ թույլատվություններ են եղել, իրարամերժ շատ տարօրինակ բաներ են կատարվել :
«Բայց հուսով եմ, դա էլ կլուծվի: Կլուծվի»,- հավելեց նա:
Հարցին, թե որպես Երեւանի գլխավոր ճարտարապետ առաջին հերթին, որ խնդրին կանդրադառնա, Մեսչյանն ասաց. «Վերջնականապես հասկանանք, այդ քաղաքի ճարտարապետը… չնայած այդ գլխավոր բառից սարսափելի զարզանդում եմ: Պետք է հասկանանք քաղաքապետի ճարտարապետն ով է, ինչ է: Կա մի շատ կարեւոր հանգամանք, սխալ կարծիք, որ քաղաքի ճարտարապետը դա ստեղծագործական պատասխանատվություն է: Չէ այդպես չէ: Ես կփորձեմ, երեւիթե, լինեն առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երեւանի սահմանում չի անելու, որովհետեւ դա բերում է բավականին տխուր հետեւանքների: Ես դա չեմ անի: Բացի դրանից, այնքան շատ աշխատանք կա, գործառույթն այնքան բարդ է, որ մտածել նաեւ զբաղվել նախագծմամբ եւ ստեղծագործական աշխատանքով, դա մի քիչ ծիծաղելի է: Այսինքն, պետք է ճշտել, թե ինչ է գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, ինչ է, ինչի համար է, ինչ կարող եւ ինչ չի կարող անել ոչ մ դեպքում: Ինձ թվում է՝ սա ամենակարեւորն է»:
Մեսչյանը նշեց, որ ճարտարապետության մասին մի քանի նախադասությամբ խոսելն ուղղակի անհնար է, քանի որ դա շատ բարդ համակարգ է. «Եթե սկսեմ խոսել, այստեղից չենք գնա»:
Դիտարկմանը, թե կարող է նշել մի քանի շենք, որոնց քանդելու ժամանակ իր սիրտը մրմռացել է, Մեսչյանն ասաց. «Ճիշտն ասած իմ սիրտն ամեն ինչի համար էլ մրմռացել է, բայց ես ոչ մի իրավասություն չունեի կանգնացնելու»։
Հարցին, որ նախկին գլխավոր ճարտարապետներն ունեցել են իշխանությունների լիակատար աջակցությունը, Մեսչյանն ասաց, որ դա շատ մեծ խաբկանք է: «Իմ աջակցությունը դա քաղաքաշինության օրենքներն են, իմ աջակցությունն այն է, որ հնարավորինս պետք է մտածեմ քաղաքացիների մասին: Իմ գլխավոր միսիան է, որ առաջին հերթին հեշտացնեմ նրանց կյանքը: Իմ աջակիցը օրենքն է: Իսկ եթե դուք կոնտեքստով հարց եք տալիս, թե ունեմ աջակցություն քաղաքապետի կողմից, եթե չունենայի՝ ես այստեղ կնստե՞ի»:
Միաժամանակ Մեսչյանը նշեց, որ միանգամից չի ընդունել գլխավոր ճարտարապետի պաշտոնն ընդունելու առաջարկը. «Դա տեւեց մեկ ամիս, ճիշտն ասած, բանակցությունները: Ես ընդունեցի այն ժամանակ, երբ գործիքակազմը, որն անհրաժեշտ է գլխավոր ճարտարապետին, ես կարողացա ձեռք բերել։ Այ, եթե հիմա չկարողանամ աշխատել՝ ոչ մեկին մեղադրել չեմ կարող, քանի որ գրեթե բոլոր իմ խնդրանքները կատարվեցին»:











