34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460-ը ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը ԱՄՆ–ից ավելի շուտ է պատվիրել, քան Անի համայնքի խոշորացումը։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց պատգամավորը՝ հերքելով մամուլի հրապարակումը, թե մեքենան իրեն, իբրեւ շնորհակալություն համայնքապետ ընտրվելու համար, նվիրել է սանիկը՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը։

«Մտացածին, հորինված, վարկաբեկիչ, ամենաստոր եւ կեղծ վարքագիծ դրսեւորած հոդված է»,–ասաց Նիկոյանը։

Նա հաստատեց, որ հայտարարագրում նշել է մեքենայի մասին։ Այն ձեռք է բերել ԱՄՆ վթարված ավտոմեքենաների աճուրդից. «Բայց այն ժամանակ դեռ Անի խոշորացված համայնք գոյություն չուներ, դրանից հետո է ԱԺ որոշմամբ այն ստեղծվել, դրանից հետո է ընտրությունների օր նշանակվել, դրանից հետո է որոշվել՝ ով պետք է առաջադրվի»։

Նիկոյանի հայտարարագրում երեւում է նաեւ ֆինանսական շարժը, որից, նրա համոզմամբ, ակնհայտ է, որ ինքն է գնել ավտոմեքենան՝ իր միջոցներով։ Վստահեցրեց, որ ունի այդ մասին վկայող բոլոր փաստաթղթերը։

«Այս հրապարակումը առաջին հերթին ուղղված է Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ, որովհետեւ վերջին ամիսներին պարբերաբար խոսում են այնտեղ կոռուպցիայի մասին, որը կեղծիք է։ Նպատակը համայնքի բնակիչների մոտ նրան վարկաբեկելն է»,–ասաց պատգամավորը։

Նա կարծում է, որ այդ հրապարակմամբ մտադիր են նաեւ իրեն վարկաբեկել արտահերթ ընտրություններից առաջ։

Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ  2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Անի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց Արտակ Գևորգյանը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր, սակայն Արտակ Գեւորգյանի քավոր Սամվել Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց ընտրվելու հարցում։ 

Հրապարակման համաձայն, ընտրություններից մի քանի ամիս հետո Սամվել Նիկոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ հարկային տարում ձեռք է բերել 34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460 մակնիշի մեքենա, որը հարկային տարվա սկզբում չի ունեցել։

Գևորգյանի մտերիմները, ընկերները տարբեր անձնական զրույցների ժամանակ, ըստ մամուլի, հայտարարում են, որ Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանի «լավության տակից դուրս է եկել»՝ թանկարժեք ավտոմեքենա նվիրելով։

Ավելի ուշ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը այս հրապարակումը հերքող հայտարարություն տարածեց։