93 ցմահ ազատազրկված անձանցից 13-14-ը զինվորական ծառայության ժամանակ, բանակում տեղի ունեցած դեպքերն են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում համաներում հայտարարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հիմա լինենք անկեղծ, եթե սպան փորձել է անարգել զինվորին: Ունենք այդպիսի դեպքեր, որ դատապարտված են ցմահ ազատազրկման, 18-20 տարի նստել են: Հիմա այդ տղաները հասուն մարդիկ են: Հիմա այդ մարդիկ իրավունք ունե՞ն ակնկալելու, որ գոնե ռեժիմ կփոխբվի, գոնե ներմամբ կամ վաղաժամկետ ազատ կարձակվեն»,-ասաց Նիրա Զոհրաբյանը կոչ անելով այդ 14 գործերն առանձին քննել, անհատական մոտեցում ցուցաբերել:
Նա ներկայացրեց ցմահ ազատազրկվածներից մեկի դեպքը. «Ստեփանի գործին ծանոթ եք. 23 տարի նստած անձին գիտե՞ք ինչ հարց է տվել վաղակետ ազատման հանձնաժողովը., ասել է՝ դուք այս տարիների ընթացքում բանաստեղծություն գրե՞լ եք: Պատասխանել է՝ ոչ: Ասել է՝ եթե ոչ, նշանակում է դուք մարդկայնորեն չեք փոխվել: Որովհետեւ շատերը, որ բանաստեղծություն կամ վեպ են գրել, կարող ենք գրել, որ մարդկանորեն փոխվել են: Սա աբսուրդագույն հարց է: Ընդհանրապես, ովքե՞ր են այդ հանձնաժողովի անդամները, եւ նրանք տարրական գիտելիքներ ունե՞ն, թե ինչպես պետք է աշխատել դատապարտյալների հետ»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նկատեց, որ կան կալանավորներ, որոնք Հայաստանում հարազատներ չունեն, ուստի ճիշտ կլինի նրանց համար ապահովել սկայպով հարազատների հետ շփվելու հնարավորություն՝ իր տեսակցությունների ժամերի փոխարեն:











