Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համապարփակ աշխատանքներ է տանելու հոկտեմբերի 17-ին Գյումրում տեղի ունեցած դեպքի առթիվ, երբ մայրը նորածին երեխաներին թողել էր մանկատան դիմաց: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ նա խորքային ուսումնասիրել է դեպքը եւ տեսել է հնարավորությունը երեխաների՝ կենսաբանական մոր հետ մեծանալու, որը բխում է նրանց լավագույն շահից: «Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել եւ այն արտառոց էր, մենք անպայման սոցիալական համապարփակ աշխատանք պետք է իրականացնենք: Տարբեր դրդապատճառներ ու երեւույթներ ձեւակերպենք, դրանց տանք լուծում, եւ համոզված լինենք, որ այն ճանապարհը, որով գնում ենք՝ ճիշտ է եւ կրկնության ենթակա չէ»։
Թանդիլյանը նաեւ նշեց, որ սա ուղերձ պետք է լինի նման իրավիճակում գտնվող մյուս մայրերի ու ընտանիքների համար. «Սա նաեւ ուղերձ պետք է լինի այն ընտանիքներին ու մայրերին, որոնք նման խոցելի իրավիճակում են հայտնվել, որ իրենք պաշտպանված են, եւ որոշ դեպքերում ավելի հասցեական պետք է դիմեն այդ պաշտպանությունը ստանալու համար»։











