Մեզ արդեն ակնհայտորեն ակնարկում են, որ կա պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն, հարկավոր է գցել–բռնել, թե սա ինչի՞ կարող է հանգեցնել։ Այս մասին ԱԺ–ում իր ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի հնարավոր հետեւանքներին։
«Հեռացող դեսպանն առաջին անգամ խոսեց տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձեւից։ Սա մեզ համար նորույթ էր, եւ այդ ֆոնին գալիս է ԱՄՆ երկրորդ պաշտոնյան եւ խոսում է լեգիտիմ ընտրությունների արդյունքում պատուհան բացելու մասին։ Մեզ արդեն ակնհայտորեն ակնարկում են, որ կա պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն, հարկավոր է գցել–բռնել, թե սա ինչի կարող է հանգեցնել»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ իր համար մտահոգիչ է, որ Բոլթոնը Հայաստան է այցելել Ադրբեջանից հետո։ «Համաձայնեք, որ մտահոգվելու հիմքեր կան, առավել եւս երբ սա ներկայացվում է Իրանի շուրջ օղակը սեղմելու ԱՄՆ–ի ընգծված քաղաքականության ֆոնին»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել: Նա նշել էր. «Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»:











