Ազատության հրապարակում ստորագրահավաք էր ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի․ տեքստի տակ ստորագրողները հորդորում են իշխանությանը արգելել այդ ֆորումը, ապա նաև օրենքով արգելել այլասերության քարոզչությունը։

Հայաստանում ԼԳԲՏ ֆորում, ոչ, չի լինելու․ այս ոչ-ը Վալերի Օսիպյանը մի քանի անգամ կրկնեց, իսկ սկանդալային հյուրերին չընդունելու պատճառը, ասաց, ռիսկերն են։

Նաիրա Զոհրաբյանը կուսակցության ցուցակում եղել է, կլինի, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, իսկ իր մասին ասել, որ կգլխավորի ցուցակը, բայց ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվի ։ Դաշինքի տարբերակը քննարկում են՝ դեռ առանց արդյունքի․ ում հետ խոսել են, մեծ ամբիցիաներ են ունեցել  Խոսելով բիզնեսը քաղաքականությունից առանձնացնելու մասին՝ Ծառուկյանը նաև Թրամփին է հիշել։ 

Ամենաստաժավոր պատգամավորներից Կարեն Կարապետյանը 6 անգամ մանդատ վերցնելուց հետո հայտարարել է, որ արտահերթին չի մասնակցի։ Սա դժվար որոշում է, ասել է նա, բայց կարծում է, որ դադար առնելու ժամանակն է, քանի որ իր տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ հարկադրում են այս անգամ չառաջադրվել։ 

Մի քանի իշխանության հետ անդադար աշխատած Ցոլակյանը թեև փողոց չի փակել, քայլ չի արել, բայց միացել է Փաշինյանի թիմին՝ նրան աջակցելու համար։ Այսպես է իր նոր կարգավիճակը բացատրել Ֆելիքս Ցոլակյանը, սակայն նաև այդ աջակցության սամանն է նշել․ եթե ՔՊ-ն պնդի էլ, ինքը կուսակցական չի դառնա։ 

Դավիթ Տոնոյանը ևս մտադիր չէ կուսակցական դառնալ, ոչ էլ ռեյտինգայինով առաջադրվել , փոխարենը ապահովելու է, որ արտահերթին ուղղորդված զինվորականներ չլինեն․ արդեն հաղորդագրություն են փոխանցել բոլոր զորամասերի հրամանատարներին՝ հիշեցնելով նրանց պարտականությունները․ քաղաքականությանը խառնվելու նույնիսկ փորձը, ասել է, կպատժվի ։ Իսկ ՀԱՊԿ-ում, Տոնոյանի սկզբունքային մոտեցումն է, որ Հայաստանը պետք է շարունակի պաշտոնավարումը, թեև չի բացառել, որ քաղաքական պայմանավորվածությամբ զրկվենք այդ մանդատից։ 

Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը, ասել է Դավիթ Տոնոյանը՝ հասատելով, որ կողմերի միջև գործում է օպերատիվ կապ և խախտումների դեպքում անմիջապես տեղեկացնում են իրար։ 

Նախարարի պաշտոնակատարը հերքել է մամուլի այն լուրերը, թե Բաքվի կողմից գերիներ փոխանակելու պաշտոնական առաջարկ է արվել՝ նշելով, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից։ 

Այսօրվանից ուժի մեջ է մտել համներումը, մեծ թվով դատապարտյալներ արդեն ազատ են արձակվել՝ նրանց հետ նաև Շանթ Հարությունյանը, որ 5 տարի է՝ բանտում էր «նոյեմբերի 5»-ի գործով ։ «Սասնա ծռերը», սակայն, հնարավոր է չներվեն․ զոհվածների հարազատները դեմ են նրանց ազատությանը, ՊՊԾ գնդում պատանդ եղած Օսիպյանը ևս դեմ է՝ չնայած ըստ Պավլիկ Մանուկյանի, նա պատանդ չի եղել, կերել-խմել է իրենց հետ և հաջորդ օրը գործի անցել։ 

Երևանի գլխավոր ճարտարապետը այսօր մի քանի զգուշացում է արել, նախ զգուշացրել է սրճարանատերերին վերադառնալ իրենց սահմաններ, իսկ ովքեր, կշարունակեն իրենց աթոռ- սեղանով տրորել կանաչը, խոստացել է լուրջ ու մեծ խնդիրներ , նույնը խոստացել ու զգուշացրել է ապօրինի շինարարություն սկսած քաղաքացիներին՝ շեշտելով՝ վերջ հողազավթմանը, օրինականացում չի լինելու ։ Մեսչյանը փակված է համարել նաև երևանյան հուշարձանները քանդելու թեման։ 

Ոբերգական լուր զորամասից։ Այսօր առավոտյան ժամկետային  զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը ինքաձիգով կրակել է իր ծնոտին՝ ինքն  իրեն պատճառելով մահացու վիրավորում: Հարուցվել է քրեական գործ: 

Դոլարի, եվրոյի վերելքը շարունակվում է, դոլարի փոխարժեքը այսօր եղել է 487 դրամ, եվրոյինը՝ 556,  բրիտանական ֆունտի փոխարժեքը ևս աճել է՝ 636 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը 7 ու 40 դրամ։ 

Հայաստանում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում են տեղումներ, նաեւ՝ մառախուղ։ Երեւանում նույն ժամերին սպասվում է անձրեւ, 7-ի ցերեկը՝ առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +10+12: h