Պարենամթերքի աճող գները հասնում են «վտանգավոր մակարդակի» եւ որոշ տարածաշրջաններում սպառնում են սովի պատճառով բունտեր առաջացնել: Ըստ Bloomberg -ի` հունվարին պարենամթերքի գների ինդեքսը կազմել է 231 կետ` ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1990թ-ից ի վեր:
«ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով`2007-2009թթ. աշխարհում սովահարության պատճառով տեղի է ունեցել ավելի քան 60 բունտ: Գների աճն ավելի մեծ վտանգ է ներկայացնում Աֆրիկայի, Ասիայի, Հարավային Աֆրիկայի զարգացող երկրների համար, որոնց թվում են Ուգանդան, Մալին, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հոնդուրասը, Հաիթին եւ այլն»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության(FAO) ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասիանը:
Ամենախոցելի տարածաշրջանը նա համարել է Հյուսիսային Աֆրիկան` պարզաբանելով, որ այդ տարածաշրջանի երկրներում իրավիճակը կայուն չէ, գների կայունությունն էլ պայմանավորված է սուբսիդիաներով: Բողոքներն արդեն Թունիսում եւ Եգիպտոսում հանգեցրել են իշխանափոխության:
FAO-ի կանխատեսումներով` 2010-2011թթ. հացահատիկի արտադրությունն աշխարհում կնվազի 4%-ով եւ կկազմի 653 մլն տոննա, մինչդեռ պահանջարկը կմեծանա 1,2% ով եւ կհասնի 667 մլն տոննայի:





























