Ճապոնիայի դատախազությունը Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնին նոր մեղադրանք է առաջադրել՝ փշրելով գրավով ազատվելու նրա հույսերը, փոխանցում է AP-ն:

Գոնը, մեկ այլ ղեկավար՝ Գրեգ Քելլիի հետ, կալանավորվել էր նոյեմբերի 19-ին՝ մեղադրվելով իր եկամուտները գրեթե 10 մլրդ իենով (80 մլն դոլար) նվազեցնելու մեջ:

Նոր մեղադրանքները ներկայացվել են Գոնին եւ Քելլիին ավելի երկար ժամկետով կալանավորելու դատախազության միջնորդությունը դատարանի կողմից մերժելուց հետո մեկ օր անց: Նրանց փաստաբանները հույս ունեին, որ ուրբաթ կկարողանան նրանց գրավով ազատել:

Kyodo գործակալության եւ ճապոնական այլ լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ դատախազները պնդում են, որ 2008 թվականին Գոնը Nissan-ին պատճառել է 1,8 մլրդ իենի (16 մլն դոլարի) վնաս:

Գոնն ու Քելլին նաեւ մեղադրվում են, որ 2011-2015 թվականներին Գոնի աշխատավարձը մոտ 5 մլրդ իենով (44 մլն դոլարով) պակաս են ցույց տվել եւ 4 մլրդ իենով էլ (36 մլն դոլար) 2016-2018 թվականներին: