Կուբայում հեղափոխության 60-ամյակի առիթով իշխող Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոն ԱՄՆ վարչակազմին քննադատել է առճակատման ճանապարհ վերադառնալու եւ Լատինական Ամերիկայի երկրների գործերին միջամտելու համար:

«Հյուսիսային Ամերիկայի կառավարությունը հերթական անգամ մտնում է Կուբայի հետ առճակատման ճանապարհ»,- ասել է Կաստրոն Սանտյագո դե Կուբայում, որտեղ 60 տարի առաջ նրա եղբայր Ֆիդել Կաստրոն հայտարարել էր հաղթանակի մասին:

«Այդ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ են փորձում տարածաշրջանի բոլոր աղետների համար Կուբային մեղադրել»,- ասել է նա:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նոյեմբերին հայտարարել էր, որ Վաշինգթոնը Կուբայի, Վենեսուելայի եւ Նիկարագուայի դեմ ավելի խիստ քաղաքականություն կվարի՝ նրանց անվանելով «բռնակալների եռյակ»:

87-ամյա Կաստրոն հայտարարել է, որ Կուբան հեղափոխության 6 տասնամյակի ընթացքում ապացուցել է, որ անհնար է իրեն սպառնալիքներով վախեցնել, միաժամանակ՝ բաց մնալով խաղաղ եւ հարգալից համագոյակցության համար: